Zark Foundation

Արմեն Դիվանյան

Արմեն Դիվանյան

Կոմպոզիտոր

24 օգոստոս, 1958 - 1 սեպտեմբեր, 2013

Ծնվել է Երևանում: Երկար տարիներ աշխատել է երեխաների հետ: Մանկուց տիրապետել է տարբեր երաժշտական գործիքների` դաշնամուր, կիթառ, ջութակ, նվագել է զանազան վոկալ գործիքային խմբերում: 1981թ. հիմնադրել և ղեկավարել է «Առվակ» վոկալ-գործիքային մանկական անսամբլը, որը հետագայում դարձել է «Հայհամերգի» կոլեկտիվը: 1996թ. հրավիրվել է ղեկավարելու Հայաստանի ազգային ռադիոյի պետական «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը: 1997թ. նախաձեռնել է նոր մանկական երաժշտական ծրագիր Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: 2001թ-ից խումբը առանձնացել է հանրային ռադիոյից և երգահանը շարունակել է ղեկավարել խումբը արդեն մասնավոր հիմունքներով: 2004-09թթ անսամբլի հետ հյուրախաղերով եղել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Կիպրոսում, Բուլղարիայում, Ռուսաստանում, իսկ 2007թ.` Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում նրա սաները առաջին անգամ ներկայացրել են Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: 2009թ-ից խումբը վերանվանել է «Արևներ»: 2001թ. ստեղծել է ստեղծագործական մրցույթ-փառատոն, որի շրջանակներում հեղինակները ստացել են դրամական մրցանակներ: 1999-2010թթ թողարկել և հրատարակել է նոտաների ժողովածուներ, մանկական երգերի ձայնասկավառակներ և տեսասկավառակներ: Հեղինակել է գործիքային պիեսներ, թավջութակի սոնատ, տարբեր ներկայացումների համար գրած երաժշտություն, «Գուլիվերի ճանապարհորդությունը» ներկայացման համար գրած երաժշտությունը, ինչպես նաև կամերային և էստրադային մի շարք երգեր: Համագործակցել է Հայաստանի լավագույն կոմպոզիտորների, սկսնակ երգահանների, մի շարք գործիքավորողների, հնչյունային ռեժիսորների հետ: 2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի` մատաղ սերնդի դաստիարակման գործում ունեցած ավանդի համար: Մահացել է Երևանում: