Zark Foundation

Արմեն Դոնելյան

Արմեն Դոնելյան

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Ծնվել է 1950թ. դեկտեմբերի 1-ին, Նյու Յորքում: 6 տարեկան հասակից սկսել է նվագել: 14 տարեկանում ելույթ է ունեցել ջազային նվագախմբի հետ: Ավարտելով կոնսերվատորիան` հանդես է եկել համերգներով, կատարել Բախի, Բեթհովենի, Դեբյուսիի, Պրոկոֆևի գործերը: 1972թ. ավարտել է ԱՄՆ «Կոլումբիա» համալսարանի երաժշտության բաժինը: 1975թ. դարձել է հայտնի աֆրոկուբացի պերկուսիոնիստ Մոնգո Սանտամարիայի խմբի անդամ, որի շրջանակներում մասնակցել է բազմաթիվ համերգների, ձայնագրվել մի շարք ձայնասկավառակներում: Հետագայում աշխատել է ջազի նշանավոր գործիչներ Լայոնել Հեմփթոնի, Սոնի Ռոլլինզի և այլոց հետ: 1980-ականներին ստեղծել է «Էսենս» ջազ համույթը, թողարկել ձայնապնակներ: Համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 1986թ-ից դասավանդում է ջազային երաժշտություն: Մշակել է հայկական մեղեդիներ ջազի համար: Երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի և պրոդյուսեր Ջորջ Ավագյանի հետ համատեղ թողարկել է «Լսիր սրտիս զարկը» ձայնասկավառակը: Նրա հետ համագործակցել են նաև փողհար Բարի Դանիելյանը և Արտո Թունջբոյաջյանը: 1998-2002թթ համերգներով պարբերաբար հանդես է եկել Հայաստանում: Դասավանդում է ԱՄՆ բարձրագույն դպրոցում և, հաճախակի, ջազային վարպետության դասերով հանդես է եկել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, կազմակերպել է սեմինարներ, գրել ջազային թեմայով աշխատություններ: