Ծնվել է 1954թ. փետրվարի 11-ին, Երևանում: Դերասան Էդգար Էլբակյանի որդին է, դերասանուհի Աննա Էլբակյանի ամուսինը: 1974թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական, 1981թ.` ռեժիսորական բաժինները: 1975-82թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանիանվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան, 1982-88թթ` որպես ռեժիսոր: 1988-94թթ եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1988-2012թթ դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է դերասանական կուրսի ղեկավար (2010թ-ից` պրոֆեսոր): 1994թ. հիմնադրել է Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնը: 2000թ-ից եղել է Երևանի Խամաճիկների պետական թատրոնի տնօրենը: Մի շարք թատրոններում բեմադրել է բազմաթիվ պիեսներ` Բ.Բրեխտի «Արտուրո Ուիի կարիերան», Ե.Շվարցի «Վիշապը», Մոլիերի «Ժլատը», Է.դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելոի տանը», «Մեծ անտառի զավակները», Լ.Ռազումովսկայայի «Սիրելի Ելենա Սերգեևնա», Ժ.Անանյանի «Իմ տունը քո տունը չէ», Յ.Օ'Նիլլի «Սերը ծփիների տակ», Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Գ.Տեր-Գրիգորյանի «Շրջազգեստով տղամարդիկ», Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», «Ատամնաբույժն արևելյան», Ա.Ցագարելիի «Խանումի արարքները», Զ.Խալափյանի «Սիրո տարբեր նվագներ», Ֆ.Դյուրենմաթի «Ֆիզիկոսներ», Գ.Սունդուկյանի «Քանդված օջախ», Ա.Չեխովի «Առաջարկություն», Է.Օլբիի «Երկուսը գազանանոցում», Ն.Սայմոնի «Հայկական տանգոն Լոս Անջելեսում», Վ.Սարոյանի «Քարանձավի բնակիչները», «Չե՞ս պարի ինձ հետ», Հ.Մաթևոսյանի «Տերը», Ջ.Պռիստլի «Թռցրու ինձ լուսին» և այլն: 1988թ. Ռազումովսկայայի «Սիրելի Ելենա Սերգեևնա» ներկայացման համար արժանացել է Եվգենի Վախթանգովիանվան մրցանակի, 2001թ.` Գ.Սունդուկյանի «Քնդած օջախ», 2005թ.` Սերվանտեսի «Մարդը Լամանչից» ներկայացումների համար` ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Նիկո), Գ.Սունդուկյանի «Քանդված օջախ» (Գիժ Մոզի), Մ.Ֆորմոյի «Ախ այդ դռները» (Ֆրանսուա), Է.Ռադզինսկու «104 էջ սիրո մասին» (Եվդոկիմով), Գ.Տեր-Գրիգորյանի «Հաջի Փայլակը» (Հաջի Փայլակ), Վ.Պետրոսյանի «Հիպոկրատի գլխարկը» (Գագիկ), Ա.Արբուզովի «Դաժան խաղեր» (Նիկիտա), «Նատաշա» (Սաշա), Վ.Դավթյանի«Ծիրանի ծառ» (Հավատ ծաղրածու), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Կրտսեր Սաքո), Ն.Զարյանի «Հացավան» (Ասատուր Զորաբյան), Վ.Շեքսպիրի «Ջոն Արքա» (Ծաղրածու), Ա.Քալանթարյանի «Քանի դեռ կամ» (Արտակ), Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» (Դադլի Բոստվիք), Ժ.Ռենարի «Տաքսի» (Ժորժ), Ե.Չարենցի «Երկիր Նաիրի» (Կինտաուրի Սիմոն), Ա.Գրիբոեդովի «Խելքից պատուհաս» (Չացկի) և այլն: 2008թ. Հունգարիայի «Արքուսֆեստ» միջազգային թատերական փառատոնի և ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին: Նկարահանվել է «Խոնարվիր վաղվա օրվան» (1977թ.), «Ֆոկուսնիկ» (1989թ.), «Արահետ» (2005թ.), «Քրմուհի» (2007թ.) ֆիլմերում, «Գեներալի աղջիկը» (2012թ.) հեռուստասերիալում: 2012թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, որտեղ նաև ռեժիսուրայի ամբիոնի վարիչն է: 2015թ-ից Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.` «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի, 2017թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: