
Բանաստեղծ, թարգմանիչ
12 մայիս, 1932 - 25 դեկտեմբեր, 2017
Արմեն Ավանեսյան
Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ղզղալա (այժմ`Բերդաշեն) գյուղում: Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, 1968թ.՝ Ադրբեջանի Վ.Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (Բաքու) բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Ստեղծագործել սկսել է աշակերտական նստարանից։ 1954թ. տպագրվել է բանաստեղծությունների առաջին շարքը Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» (հայերեն) հանրապետական թերթում։ 1959թ-ից եղել է ԼՂ, 2002թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ, 2001թ-ից՝ ԼՂ ժուռնալիստների միության անդամ: 1974-83թթ եղել է ԼՂ գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ 1957-58թթ աշխատել է Բաքվի «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագրությունում, 1958-59թթ՝ Բաքվի «Կոմունիստ» թերթի խմբագրությունում, 1960-63թթ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական ստեղծագործության տանը՝ որպես ավագ մեթոդիստ, 1963-64թթ՝ ԼՂ մշակույթի վարչությունում՝ որպես գլխավոր տեսուչ, 1964-66թթ՝ ԼՂ ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում՝ որպես խմբագիր, այնուհետեւ՝ ռադիոթղթակից: 1966-70թթ եղել է Ղարմետաքսկոմբինատի «Մետաքսագործ» թերթի խմբագիրը, 1993-94թթ՝ Գիտամեթոդական կենտրոնի գիտաշխատող, 1996-99թթ՝ «ԼՂ Հանրապետություն» թերթի գործադիր տնօրենը, 1999-2001թթ՝ «Ազատ Արցախ» թերթի թղթակից, այնուհետև՝ հրատարակչության խմբագիրը, 2001-02թթ՝ ԼՂ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը, 2002-13թթ՝ «Արցախի կոմունիստ» թերթի խմբագիրը։ Հրատարակվել են նրա «Բարի ճանապարհ» (1959թ.), «Հայրենի տուն» (1963թ.), «Նվագներ հողի» (1967թ.), «Գալիս ենք և մենք» (1973թ.), «Անմահների ձայնը» (1975թ.), «Հեռաստանների կանչը» (1978թ.), «Հայրենիք և սեր» (1980թ.), «Չհորինված մեղեդիներ» (1984թ.), «Ավանդատուն» (1991թ.), «Տարաժամի զանգեր» (1997թ.), «Տեսիլաժամ» (2002թ.), «Մոմակալներում հալոցք չէ մոմի» (2002թ.), «Ապաշխարան» (2007թ.), «Քարափ. Իրապատումներ» (2011թ.), «Երկերի ժողովածու» (երկհատորյակ, 2012թ.), «Մայրամուտի նվագներ» (2016թ.), «Իմ կորուստները, իմ կարոտները» (2017թ.) գրքերը: Թարգմանել է Նիկոլայ Գումիլյովի, Օսիպ Մանդելշտամի, Աննա Ախմատովայի, Բորիս Պաստեռնակի, Մարինա Ցվետաևայի, Վառլամ Շալամովի, Դմիտրի Չիստյակի, Միխայիլ Դուդինի, Լեսյա Ուկրաինկայի, Էդուարդաս Մեժելայտիսի, Ռիմա Կազակովայի, Անատոլի Կրասնովի, Անդրեյ Վոզնեսենսկու, Ելենա Իսաևայի, Սեսար Վալեխոյի ստեղծագործությունները։ Հեղինակել է նաև «Հոգու մեղեդիներ» (1998թ.), «Սիրտս ափի մեջ» (2000թ.) գրքերը: Մահացել է Ստեփանակերտում: