Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը և ընդգրկվել է տպագիր մամուլի, ապա ռադիոյի և ավելի ուշ` հեռուստատեսության տարբեր ոլորտներում: Աշխատել է «Ավանգարդ» թերթում, Հայաստանի հեռուստառադիոպետկոմում, հիմնել է «Ծիածան» ռադիոկայանը, ղեկավարել է ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության երաժշտական բաժինը։ Աշխատել է գրահրատարակչության ոլորտում։ Վարպետության դասեր է վարել Հայ-ռուսական (Սլավոնական), «Գլաձոր» և Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։ Տարբեր տարիներին նրա նյութերը տեղ են գտել «Աղետ» (1990թ.), «Հայաստան, երկիր դրախտավայր» (1993թ.), «Խորհրդատվություններ 2-րդ էջի համար» (1993թ.), «Ուրբաթախոսություն» (2001թ.) և այլ ժողովածուներում։ Առավել ամբողջական ընդգրկվել են «Զանգակատուն բերող ճանապարհին» եռահատորյակում, որի երրորդ հատորը տպագրության ընթացքի մեջ է եղել մինչ նրա մահը: Ծանրակշիռ է նրա վաստակը գեղարվեստական թարգմանության ասպարեզում։ 1960-ականներից հայ ընթերցողը, շնորհիվ թարգմանչի, ծանոթացել է ռուս գեղարվեստական արձակի ընտիր նմուշներին` ընդհանուր հաշվով մոտ 8000 էջ թարգմանական գրականություն` Ալեքսանդր Պուշկինի, Ֆեոդոր Դոստոևսկու, Անտոն Չեխովի, Ալեքսեյ Կուպրինի, Միխաիլ Բուլգակովի, Ալեքսանդր Սոլժենիցինի, Վասիլի Շուկշինի, երկու տասնյակից ավել հեղինակների երկերից։ 1990-ականների սկբերից դասախոսել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: 1989թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակին, ապա` ՀԳՄ Ե.Չարենցի անվան, իսկ 2001թ.` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակներին: 2004թ. պարգևատրվել է ՌԴ Բարեկամության շքանշանով, ԼՂ «Մխիթար Գոշ» և Ռուսական մունիցիպալ ակադեմիայի նախագահության «Շոլոխով» մրցանակներով: 2010թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: