Zark Foundation

Արմեն Մազմանյան

Արմեն Մազմանյան

Բեմադրիչ, դերասան

15 փետրվար, 1960 - 8 հունվար, 2014

Ծնվել է Երևանում: 1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1981-88թթ աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան, ռեժիսոր, 1986-88թթ` պատանեկան թատրոնի ստուդիայում` որպես գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր: 1986-88թթ աշխատել է «Ակունք» ազգագրական երգչախմբում` որպես ռեժիսորը, 1987-89թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր-ստաժոր: 1988թ-ից հիմնադրել և ղեկավարել է «Գոյ» թատրոնը, 1991թ-ից` «Գոյակ» մշակութային զարգացման գործարարական ընկերակցությունը, 1995թ-ից` «Ազատ արվեստի ակումբ» և «Հայարտ» նախագիծը, 1996թ-ից` «Ազատ թատրոն» նախագիծը: 1998-2009թթ եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական կուրսի ղեկավար, պրոֆեսոր: 1983թ-ից հանդես է եկել մի շարք ներկայացումներում` որպես բեմադրիչ և դերասան` Պ.Զեյթունցյանի «Հիրոսիմա», «Ոտքի, դատարանն է գալիս», Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար», Ա.Երնջակյանի «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է», Վ.Շեքսպիրի «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», Բ.Սթեյվիսի «Գալիլեյ», Է.Ռադինսկու «Նեոնի և Սենեկայի թատրոնը», Ա.Ռիբակովի «Արբատի զավակները», Ս.Մոեմի «Լուսին և գրոշ», Լ.Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս», Գ.Նժդեհի «Հայաստան և ճշմարտություն», Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» և այլն: 1980թ. Բաքվի «Թատրոնի տեսություն» միջազգային կոնգրեսում արժանացել է 2-րդ մրցանակին, 1987թ. Ալմա-Աթիի թատրոն-ստուդիաների համամիութենական փառատոնին` 1-ին մրցանակին: Մասնակցել է բազմաթիվ այլ փառատոների Ռուսաստանում, Հարավսլավիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Հայաստանում: Նկարահանվել է «Ընտրություն», «Տղամարդկային գործ», «Ճակատագիր», «Ես եմ» ֆիլմերում: Կազմակերպել և նախաձեռնել է բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներ, արվեստի երեկոներ, շնորհանդեսներ, շոու-ծրագրեր, ցուցահանդեսներ, հեռուստանախագծեր: Մասնակցել է ղարաբաղյան պատերազմին և եղել է «Մուշ» զորամիավորման ջոկի հրամանատարը: 2000-02թթ եղել է «Ազատամարտի վետերանների միություն» կազմակերպության համանախագահը: Կազմակերպել է ՀՀ ԶՈւ ստեղծման 15, 17, 19 և 20-ամյակներին նվիրված տոնահանդեսներ: Արժանացել է «Գարեգին Նժդեհ» շքանշանի, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, Մարտական ծառայության մեդալի: 2011-14թթ եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը: 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: