Zark Foundation

Արմեն Մանասյան

Արմեն Մանասյան

Դաշնակահար, պրոդյուսեր

Ծնվել է 1988թ. հուլիսի 22-ին, Երևանում: Դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի ծոռն է: Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ստացել մագիստրոսի կոչում: Որպես ասպիրանտ ուսումը շարունակել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում: Հանդես է եկել մի շարք հեղինակավոր միջազգային նախագծերում և փառատոներում, այդ թվում՝ «Ennio Porrino», «Barbizon Festival», «Yakov Flier Festival», ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի մշակութային տարվա, «Կոմիտաս-140» միջազգային գիտամշակութային փառատոնի, «Yamaha Artists» նախագծի շրջանակում: 2016թ-ից Մոսկվայի պետական ակադեմիական երաժշտական թատրոնի հրավիրված մենակատար է: Ուսանելու տարիներին աշխատել է 6-րդ միջազգային Դելֆյան խաղերի կազմկոմիտեում՝ որպես երաժշտական անվանակարգերի պատասխանատու։ 2013-16թթ կրթությանը զուգահեռ աշխատել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտին կից արվեստի ակադեմիայում՝ որպես մշակութային և հումանիտար ծրագրերի ղեկավար: «Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար խորհրդի հիմնադիր անդամ է: 2017թ-ից հանդիսանում է ֆրանսիական «L'Heure Musicale au Marais» երաժշտական գործակալության արտիստ: Նրա կատարումներով 2009թ., 2012թ. և 2016թ. թողարկվել են ձայնասկավառակներ՝ Չայկովսկու «Տարվա եղանակները» (CBN productions), Կոմիտասի և Լիստի դաշնամուրային ստեղծագործությունները (BirlMusic studio, Jean Eckian production): Դաշնակահարի կատարողական երաժշտացանկը կազմել են համաշխարհային դասական կոմպոզիտորների՝ Մոցարտի, Բեթհովենի, Ռոսսինիի, Դեբյուսիի, Լիստի, Չայկովսկու, նաև հայ դասականների՝ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Լևոն Չաուշյանի և այլոց ստեղծագործությունները: 2003թ. մասնակցել է Ա.Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթին, 2005-08թթ՝ Գ.Գյուլբենկյան մշակութային հիմանադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մրցույթներին, 2006թ.՝ Փարիզի «Ֆլեյմ» միջազգային մրցույթին: Նրա հասարակական գործունեությունը, որպես «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի տնօրեն, ներառում է մի շարք հայաստանյան և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացված մշակութային միջոցառումներ և խոշոր նախագծեր, որոնցից հիշարժան են՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀԲԸՄ և ԹՈՒՄՈ-ի հետ համատեղ «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի 3-րդ հանրապետական ներառական փառատոնը, որի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում տեղի են ունեցել համերգներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, վարպետության դասեր: Իրականացրած խոշոր ծրագրերից են ՕՊՈւՍ միջազգային փառատոնը, «Հայկական վիոլա» հայ-գերմանական երաժշտական նախագիծը, «Ցտեսություն Ծիտ» կամերային օպերայի բեմադրությունը, «Երևան 2800» միջոցառումների շարքը, «Նարեկացի» արվեստի միության հետ անգլերեն և գերմաներեն թարգմանված և տպագրված կոմպոզիտոր Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» աշխատությունը, «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի համերգային շրջագայությունները Ստամբուլում, Տրիկազեում, Հռոմում, Միլանում, Փարիզում, Ալֆորվիլում և Ժնևում: 2020թ-ից, «Բեքարտ Ստուդիո»-ի հետ համատեղ իրականացրել է «Արվեստանոց» ուսումնագեղագիտական ծրագիրը՝ հանդիսանալով նախագծի պրոդյուսերը։ 2021թ-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսերն է: 2011թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2012թ.՝ Իտալիայի «IBLA Grand Prize» մրցանակին: