Ծնվել է 1947թ. մայիսի 1-ին, Երևանում: Սովորել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, ինչպես նաև` Սայաթ-Նովայի և Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: 1967թ-ից սկսել է մանկավարժական գործունեությունը, որպես դասատու, ուսմասվար և մանկական երաժշտական դպրոցի տնօրեն: 1984թ. հրավիրվել է «Հայհամերգ» միավորում, որտեղ աշխատել է որպես համերգահյուրախաղային բաժնի գեղարվեստական ղեկավար, ապա` գլխավոր տնօրենի ստեղծագործական հարցերով տեղակալ: 1989-92թթ աշխատել է Երևանի ազգային գեղագիտական կենտրոնում` որպես գլխավոր տնօրենի տեղակալ: 1996-2001թթ հանդես է եկել որպես Երևանի պետական ֆիլհարմոնիայի հիմնադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար: 2005-11թթ հրավիրվել է աշխատանքի ՀՀ կառավարության «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ` որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր պրոդյուսեր: 2011թ-ից ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականն է: Աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս մասնակցել է մասնագիտական հանձնաժողովներին, որպես հանձնաժողովի անդամ և նախագահ: Հասարական հիմունքներով հանդես է եկել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոի պետական կոմիտեի երաժշտական գլխավոր խմբագրության գեղարվեստական խորհրդի անդամ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ: Բազմից հանդես է եկել, որպես հայ մշակույթի պատվիրակությունների ղեկավար արտասահմանում: Ստեղծագործական և կազմակերպչական աշխատանքի ընթացքում տեղ են գրավել մի շարք փառատոներ, մրցույթներ, անվանի մշակույթային գործիչների հոբելյաններ և հուշ-երեկոներ: Արժանացել է ՀՀ կառավարության շնորհակալագրի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալի, 2008թ.` Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: