Zark Foundation

Արմեն Մարգարյան

Արմեն Մարգարյան

Դերասան

Ծնվել է 1971թ. դեկտեմբերի 11-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Մ.Գեորգիսյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցը: 1981թ սովորել է Երևանի մանկական գեղագիտական կետրոնի թատրոն-ստուդիայում (Փոքր թատրոն): 1993թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Խորեն Աբրահամյանի արվեստանոցը: 1992թ-ից, Խորեն Աբրահամյանի հրավերով, աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է շուրջ 30 թատերական դերեր մի շարք ներկայացումներում` Մոլիերի «Քաղքենին ազնվական» (Քլիոնթ), Մ.Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» (Ազրայիլ), Մ.Տվենի «Արքայազն ու աղքատը» (Արքայազն), Յ.Օ՛Նիլի «Սերը ծփիների տակ» (Ջութակահար), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սուրեն), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Գորդոն), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Վարժապետ), Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (Քահանա), Ռ.Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը» (Վաղարշ), Լ.Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները» (Դիկոն), Գ.Սարգսյանի «Ավելորդ մարդը» (Բաբկեն), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Բանկո), «Ջոն արքա» (Պանդոլֆ), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Մովսես վանական), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Վանո), Մ.Մեյոյի և Մ.Էնեկենի «Երջանիկ ավարտ» (Ուիլյամ), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Ռազումիխին), Բ.Բրեխտի «Կովկասե կավճե շրջան» (Եֆրեյտոր), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Արամ) և այլն: Խաղացել է նաև «Արա գեղեցիկ և Շամիրամ», «Մի լքիր ինձ» անտրեպրիզ-ներկայացումներում: Կինոյում և հեռուստատեսությունում խաղացել է ավելի քան 30 դեր` «Կիսակայարան», «Փորձակենդանիներ», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարան», «Դիալոգներ», «Գարեգին Նժդեհ», «Երեք ընկեր», «Պոկեր.am», «Երեք կյանք», «Շունչը», «Որոգայթ», «Երկրաշարժ», «Կյանք և կռրվ. 25 տարի անց», «Եղնիկների կածանը», «Change» և այլն: 2005թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: Հայաստանի հանրային և «Շողակաթ» հեռուստաընկերություններում կրկնօրինակել է բազմաթիվ դերեր, տարբեր հեռուստաընկերություններում հեղինակել և վարել է մի քանի հաղորդաշարեր: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Անգլիայում, Լիտվայում, Ռուսաստանում, Բելոռուսում, Վրաստանում և այլուր: 2007թ. արժանացել է «Արտիստ» թատերական մրցանակի` «Տղամարդու լավագույն դերակատարման համար», 2012թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում, 2015թ.` Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալի, 2016թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2017թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: