Zark Foundation

Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

Կոմպոզիտոր

Ծնվել է 1963թ. փետրվարի 25-ին, Երևանում: 1970-75թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, 1980-85թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում՝ Էդվարդ Միրզոյանի դասարանում: 1985-90թթ աշխատել է Երևանի գեղագիտական դաստիարակչական կենտրոնում, 1991-92թթ՝ Հայաստանի պետական ջազային նվագախմբում՝ որպես երաժշտական ղեկավար: Իր երաժշտական գործունեության ընթացքում աշխատել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Էստոնիայում, Վրաստանում, Սիրիայում և այլուր: 1991-95թթ աշխատել է Շվեյցարիայում՝ որպես դաշնակահար, կոմպոզիտոր և գործիքավորող, 1995-97թթ՝ Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ որպես գործիքավորող: 1997-2011թթ հանդիսացել է Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիշորը: Այդ տարիներին նվագախումբը մասնակցել է բազմաթիվ փառատոների, ելույթ է ունեցել աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Չիկ Կորեայի հետ: Հանդիսացել է 2006թ. և 2010թ. «Եվրոտեսլիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգերի երաժշտությունների հեղինակը («Without you love», «Apricot stone»): Հեղինակել է նաև «Կարմիր, կապույտ, ծիրանագույն», «Հայաստանը դու ես», «Կիլիկիա» և այլ ստեղծագործություններ: 2006թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» երգը արժանացել է «Տարվա լավագույն երգ» մրցանակին: Որպես կոմպոզիտոր և գործիքավորող, հանդիսատեսի դատին է հանձնել ավելի քան 300 ստեղծագործություն: Հեղինակել է մի շարք ֆիլմերի և ներկայացումների երաժշտություններ, այդ թվում՝ «Տեր Ողորմյա», «Խաթաբալադա» ներկայացումների: Հայտնի ստեղծագործություններից են նաև «Mountain Dance», «Masisamba», «Eastern Blues» և այլն: 2002թ-ից Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Համագործակցել է մի շարք հանրահայտ երաժիշտների և երգիչ-երգչուհիների հետ՝ Ալ Ջարու, Շառլ Ազնավուր, Չիկ Կորեա, Ջիվան Գասպարյան, Հերբի Հենքոք և այլք: 2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2008թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2010թ. տեղափոխվել է Կանադայի Վանկուվեր քաղաք, որտեղ աշխատում է սեփական ստուդիայում: