Zark Foundation

Արմեն Ներսիսյան

Արմեն Ներսիսյան

Երգիչ, դերասան

Ծնվել է 1970թ. դեկտեմբերի 25-ին, Հայաստանի Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում: 1978-88թթ սովորել է տեղի Հ.Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում, 1978-75թթ՝ Հայաստանի երգչախմբային ընկերության Կիրովականի մասնաճյուղի երաժշտական ստուդիայում: Այդ տարիներին մասնակցել ՝ հանրապետական և միջազգային մանկական փառատոների ու մրցույթների, արժանացել մրցանակների և առաջին կարգի դիպլոմների: 1987-89թթ եղել է Կիրովականի թիվ 3 մշակույթի տան ժողովրդական գործիքների համույթի մենակատարը, որի հետ համատեղ հանդես է եկել Մոսկվայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Բուլղարիայի, Չեխոսլովակիայի և Հայաստանի բազմաթիվ բեմերում: 1989-91թթ ծառայել է խորհրդային բանակում: 1990թ. ծառայությանը զուգահեռ սովորել է Կիրովականի Մ.Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժնում, որն 1994թ. ավարտել է` ստանալով երգչախմբի և անսամբլի արտիստի որակավորում: 1989թ. սովորելու տարիների ընթացքում համերգներով բազմիցս հանդես է եկել Սպիտակի երկրաշարժի ժամանակ հայ ազգին ձեռք մեկնած Ուկրաինայի և ռուս շինարարների համար, իսկ հայրենասիրական երգերով` զորամասերում և առաջին գծում: 1989թ-ից երգում է Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում: 2005թ-ից Սբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր երգչախմբի մենակատարն է և ձեռնադրյալ սարկավագ: 1992թ. աշխատել է Վանաձորի Կամերային երգչախմբում որպես մեներգիչ. եղել է երգչախմբի հիմնադիր արտիստներից: 1992թ. եղել է «Նժդեհ» կամավորական աշխարհազորային ջոկատում, մասնակցել է Լեռնային Ղարաբաղի և ՀՀ ինքնապաշտպանությանը: Երկրապահ կամավորական միության անդամ է, ունի գերատեսչական պարգևներ և մի շարք շնորհակալագրեր: 1993թ. ընդունվել է և մինչ օրս աշխատում է «Հորովել» երգի-պարի անսամբլում որպես մեներգիչ: «Հորովել» անսամբլի հետ հանդես է եկել Երևանում, Հայաստանի մարզերում, Հունաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իրաքում, Բուլղարիայում, Իրանում: 1994-2007թթ աշխատել է Վանաձորի պարարվեստի դպրոցում որպես երգեցողության ուսուցիչ: 1998թ. դարձել է Հայաստանի ագային հեռուստաընկերության «Գույն» ստեղծագործական միավորման «Պառնաս 98» փառատոնի բարձր կարգի դիպլոմակիր: նույն թվաանին Մոսիի դերերգով հանդես է եկել Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայում: 2003թ. անսամբլի հետ հանդես է եկել Իրաքի Բաբելոնյան փառատոնին: 2003-08թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` ստանալով ռեժիսորի որակավորում: Դիպլոմային աշխատանքը եղել է Ս.Խալաթյանի «Սիմոն թագավոր» մոնոդրաման, որը ընդունվել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկ և որի համար 2008թ. արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության երիտասարդ թատերական ռեժիսուրայի 3-րդ հանրապետական փառատոնի լավագույն երիտասարդ ռեժիսորի վկայականին: 2003-11թթ աշխատել է Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես ռեժիսոր և դերասան: Խաղացել է Սգանարետի դերը Մոլիերի «Ակամա բժիշկ» ներկայացման մեջ, Հ.Մաթևոսյանի «Աշնան արև» (Սուրեն), Վ.Քաչայի «Գիշատիչների խնջույքը» (Պիեռ), «Վաճառքի ենթակա չէ» (Սուրեն), Վ.Շեքսպիրի «Լիր արքա» (Ազնվական), «Ռոմեո և Ջուլիետ» (Ազնվական): Խաղացել է նաև «Քաջ Նազար», մի շարք մանկական ներկայացումներում: Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: Շուրջ 25 տարի երգել է Գուգարաց թեմի և 23 տարի՝ Վանաձորի Կամերային երգչախմբում, զբաղվել կազմակերպչական աշխատանքներով: Հանդես է եկել անհատական համերգներով և ելույթներ է ունեցել քաղաքի և մարզի գրեթե բոլոր միջոցառումներին և արժանացել մարզային և քաղաքային իշխանությունների շնորհակալագրերին: 2013թ-ից Վանաձորի Գ.Հախինյանի անվան «Հորովել» ժողովրդական երգի- պարի անսամբլի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է: 2012-13թթ մենահամերգով հանդես է եկել Իրանում, իսկ 2013թ. ապրիլի 24-ին Թեհրանում հանդես է եկել «Ոգեկոչում» հայոց ցեղասպանությանը (1915թ.) նվիրված երեկոյին: 2017թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: 2017թ. և 2019թ. համերգներով հանդես է եկել Բուլղարիայում, 2017թ.՝ ՌԴ Վլադիկավկաս, Պյատիգորսկ և Մինվոդի քաղաքներում, 2018թ. մենահամերգով՝ ՌԴ Իժևսկ և Մոսկվա քաղաքներում: 2020թ. «Հորովել» երգի-պարի անսամբլի արտիստների հետ ղարաբաղյան պատերազմի օրերին հանդես է եկել ոգեկոչման երգերով: 2021թ. հանդես է եկել համերգներով ՀՀ մի շարք զորամասերում: Հիմնել է ձայնի պահպանման ստուդիա: 2012թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրի, 2013թ.՝ ոսկե մեդալի: