Zark Foundation

Արմեն Շեկոյան

Արմեն Շեկոյան

Բանաստեղծ, արձակագիր

28 մարտ, 1953 - 29 հուլիս, 2021

Ծնվել է Երևանում: 1974թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 1985թ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ 1976-90թթ որպես խմբագիր և գլխավոր խմբագիր աշխատել է հրատարակչություններում ու խմբագրություններում («Ծիծեռնակ», «Գարուն», «Գրական թերթ», «Բանբեր», «Առավոտ»): 1982թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Աշխատել է նաև Երևանի պետական բժշկական ինստիտուտում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարկչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում։ 1990-92թթ եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1992-97թթ՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը։ Հեղինակ է շուրջ երկու տասնյակ բանաստեղծությունների, մանկական բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուների: Գրողի բանաստեղծություններում բնորոշ է քաղաքային սլենգի օգտագործումը։ Լույս է ընծայել «Ձեզ հետ միասին» (1979թ.), «Ճոճք» (1982թ.), «Բախտ» (1987թ.), «Վարդավառ» (1988թ.), «Թուղթ ու գիր» (1990թ.), «Աղանդեր» (1996թ.), «Անտիպոեզիա» (2000թ.), «Երևան-հյուրանոց» (2003թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Գրել է նաև մանուկների համար («Երկու քույրիկ», 1992թ.): Հեղինակել է «Մետաքսի ճանապարհը» (2004թ.) պատմվածքների ժողովածուն, «Հայկական ժամանակ» (2006-12թթ) վեպը, որը 2006թ-ից երկար տարիներ «Առավոտ» օրաթերթում շարունակաբար տպագրվել է։ Ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, լեհերեն, վրացերեն և այլ լեզուներով։ 1981թ. Վրաստանում անցկացվող Վ.Մայակովսկուն նվիրված պոեզիայի ավանդական փառատոնում արժանացել է Վ.Մայակովսկու անվան մրցանակին, իսկ 2003թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան, 2005թ. «Երևան հյուրանոց» գրքի համար՝ «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակների, 2017թ.՝ ՀԳՄ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: