Zark Foundation

Արմեն Սաֆարյան

Արմեն Սաֆարյան

Ռեժիսոր, բեմադրիչ

25 օգոստոս, 1958 - 25 ապրիլ, 2023

Ծնվել է Երևանում: Եղել է գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի որդին: 1980թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, ապա ուսումը շարունակել Մոսկվայում՝ անցնելով տիկնիկային թատրոնների գլխավոր ռեժիսորների դասընթացներ: 1988թ. կազմակերպել է ստվերների տիկնիկային թատրոնի թատերախումբը, իսկ 1989-92թթ եղել է Գյումրու պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բեմադրիչը: 1992թ-ից ղեկավարել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը: 1999-2000թթ եղել է Երևանի խամաճիկների պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 2006թ. հիմնել է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն նաև 16 տիկնիկային փառատոն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Եղել է «Տիկնիկները հանուն խաղաղության» համաշխարհային երթի նախաձեռնողը: Հեղինակել է 37 տիկնիկային հեռուսատաներկայացումներ, 2 ռադիոբեմադրություն, 56 տիկնիկային բեմադրություն, որոնց թվում՝ «Մատնաչափիկը», «Դեկամերոն», «Խելոքն ու հիմարը», «Ամանորի հանդես», «Սատանան ու Բիթլիսցին», «Սագը», «Պույ-պույ մկնիկը», «Սասունցի Դավիթ», «Քեֆ անողի քեֆը չի պակսի», «Լեոնարդո դա Վինչիի առակները և հեքիաթները», «Կամակոր արքայադուստրը», «Զգուշացի՛ր, ականներ են», «Ներիր ինձ Տեր» և այլն: Ռուսերենից հայերեն թարգմանել է «Բեմբի» հեքիաթը, հայերենից անգլերեն՝ Նահապետ Քուչակի «Հայրենները»: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2019թ.՝ Հայաստանի գրողների միության «Հովհաննես Թումանյան» մեդալի: Մահացել է Երևանում: