Zark Foundation

Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

20 ապրիլ, 1923 - 24 սեպտեմբեր, 1985

Ծնվել է Երևանում: 1975թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1973թ-ից դասավանդել է նույն համալսարանում։ 1955-60թթ եղել է «Սանպրոսվետ» կենտրոնական ԳՀԻ-ի և նրա հրատարակչության գլխավոր նկարիչն ու գեղարվեստական խմբագիրը, 1969-74թթ` Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 1972-74թթ` Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի առաջին տնօրենը: Ստեղծագործել է մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության, պլակատի, ծաղրանկարի, գրքի և հաստոցային գրաֆիկայի բնագավառներում։ Գործերն աչքի են ընկնում քաղաքացիական հնչեղությամբ, կոմպոզիցիայի դինամիկությամբ: Ուսումնասիրել է մեծ վարպետների (Լեոնարդո դա վինչի, Տիցիան, Ռեմբրանդ, Վելասկես և ուրիշներ) գեղանկարչության տեխնիկան և տեխնոլոգիան: 1956-57թթ կրկնօրինակել է Ռեմբրանդի «Ինքնանկար Սասկիայի հետ» գործը, որն արժանացել է փորձագետների բարձր գնահատանքին: 1965-68թթ աշխատել է Հայաստանի պետական պատկերասրահում` որպես նկարիչ-վերականգնող, կատարել մի շարք եզակի վերականգնումներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1944թ., 1963թ.), Մոսկվայում (1962թ.), Էջմիածնում (1965թ.)։ Աշխատանքներից են` Մոսկվայի «Արմենիա» խանութի «Երևանի առավոտը» որմնանկարը և «Հայաստան» խճանկարը (1950-51թթ), «Բանաստեղծություն սովետական անձնագրի մասին» (1950թ., Գրականության կենտրոնական թանգարան, Մոսկվա), «Էլիս-Այլանդ» (1950թ., Մոսկվայի Մայակովսկու տուն-թանգարան), «Չե՝ս անցնի» (1965թ., Հայրենական Մեծ պատերազմի թանգարան, Երևան), նկարներից են` «Մարդի՝կ, զգոն եղեք» նկարաշարը (1960-62թթ), «Մ․Պավլովա» (1942թ., ՀԱՊ), «Գոհար Գասպարյան» (1954թ., Գլինկայի անվան երաժշտական մշակույթի կենտրոնական թանգարան, Մոսկվա), «Վահագն Դավթյան» (1942թ.), «Երվանդ Քոչար» (1975թ.) դիմանկարները, «Թույլ չե՝նք տա» (1955թ.), «Օգնի՛ր» (1973թ.) պլակատները և այլն: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման։ Մահացել է Երևանում։