Zark Foundation

Արմեն Օհանյան

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

30 մայիս, 1887 - 22 սեպտեմբեր, 1976

Սոֆյա Փիրբուդաղյան, Տեր-Օհանյան
Ծնվել է Շամախիում: 1906-08թթ խաղացել է Բաքվի և Նոր Նախիջևանի (այժմ՝ Դոնի Ռոստով) հայկական թատրոններում, ապա՝ ՄԳԹ-ում, պարարվեստում մասնագիտացել Լ.Նելիդովայի պլաստիկայի դպրոցում (Մոսկվա), ինչպես նաև Կ.Ստանիսլավսկու ստուդիայում։ Որոշ ժամանակ աշխատել է նաև Մոսկվայի Փոքր թատրոնում։ 1909թ. եղել է Թիֆլիսի օպերային թատրոնի մենապարուհի։ Տեղափոխվելով Պարսկաստան՝ դարձել է եվրոպական տիպի պարսկական առաջին թատրոնի հիմնադիրը։ 1910թ. Թեհրանում բեմադրել է Ն.Գոգոլի «Ռևիզոր»-ը՝ պարսկերեն (նաև խաղացել է Մարիա Անտոնովնայի դերը): 1914-16թթ սովորել է Սորբոնի համալսարանում։ Սեդայի դերակատարմամբ (Լ.Շանթի «Հին աստվածներ») Փարիզում հանդես է եկել Մ.Ջանանի բեմադրության մեջ, մասնակցել Լոնդոնի նրա հյուրախաղերին (1921թ.)։ Պարսկաստանում ուսումնասիրել է արևելյան պարեր և 1911թ-ից մինչև 1930-ականների սկիզբը որպես «պարսիկ պարուհի» հանդես է եկել տարբեր երկրներում՝ պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ ցուցադրելով արևմտյան հանդիսատեսի համար տարաշխարհիկ արևելյան հնագույն և անտիկ աշխարհի լավ ոճավորված պարեր։ Օգտագործելով պարուհի Այսեդորա Դունկանի «ազատ պարի» մեթոդները, հայ, ռուս, պարսիկ երգահանների երաժշտությամբ և օգտագործելով զանազան դիմակներ, ներկայացրել է «Սալոմե», «Անահիտի տաճարում», «Մենություն», «Հաշիշ», «Դավաճանություն», «Շամախեցի մեծ խանը», «Հին աշխարհի կործանումը», «Ամուսնություն», «Միջնորդ կինը» և այլ պարային համարներ։ Ելույթ է ունեցել Լոնդոնում, Բրյուսելում, Միլանում, Սոֆիայում, Բուխարեստում, Կ.Պոլսում, Կահիրեում, ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։ Նրա պարերը մեծամասամբ գրոտեսկային դիմակներով, արտահայտել են համամարդկային հույզեր, մտորումներ, ներկայացրել անցյալի բարքերը, կյանքի բազմազան կողմերը։ Հիմնավորվելով Փարիզում՝ իրեն նվիրել է գրականությանը, հրատարակել ինքնակենսագրական գրքեր ֆրանսերենով։ Դրանցից առաջինը «Շամախեցի պարուհին» էր՝ Անատոլ Ֆրանսի առաջաբանով (1918թ.), որը թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, շվեդերեն, ֆիններեն, եբրայերեն։ Այնուհետև հրատարակել է «Քաղաքակրթության ճիրաններում» (1921թ.), «Աշխարհի մեկ վեցերորդ մասում» (ԽՍՀՄ կատարած այցի ժամանակ արված նրա նոթերը, 1928թ.), «Նորին մեծության մենակատարը» (1929թ.) և «Օձեր գայթակղող կնոջ ծիծաղը» (1931թ.) գրքերը։ Ինքնատիպ դերասանուհին սիրային կապերի մեջ է եղել փարիզյան վերնախավի ազդեցիկ ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին քաղաքական գործիչ Մորիս Բառնեսը, նկարիչ Էմիլ Բեռնարը (որն ստեղծել է նրա դիմանկարը և գրել «Պարսկական պարուհի» գիրքը նրա մասին), արձակագիր Անդրե Ժերմենը, գրող Նատալի Բառնին և այլք։ 1927թ. ամուսնացել է մեքսիկացի դիվանագետ Մակեդոնիո Գարզայի հետ։ Որոշ ժամանակ անց նրանք բնակություն են հաստատել Մեքսիկայում։ 1936թ. Մեխիկոյում բացել է պարի դպրոց։ Ռուսերենից իսպաներեն թարգմանություններ է արել, իսպաներենով գրել մենագրություններ ռուս, խորհրդային և մեքսիկական գրականության մասին, այդ թվում՝ «Լև Տոլստոյ (1828-1910). կյանքը, դարաշրջանը, ստեղծագործությունները» (Մադրիդ, 1934թ.), «Գորկու ուղին մե՛րն է» (Մեխիկո, 1935թ.), «Իսպանական գրականության մարքսիստական վերլուծություն» (Մեխիկո, 1937թ.), «Երջանիկ Հայաստան» (Մեխիկո, 1946թ.), «Մեքսիկան և մշակույթը» (Մեխիկո, 1967թ.) և այլն։ Իր ստեղծագործություններից ամենաշատն արժևորել է «Վտարանդու երազանքը» պոեմը, որը գրել է հայերեն։ 1950թ. ավարտել է Մեխիկոյի ազգային համալսարանի փիլիսոփայության բաժինը։ 1958թ. ամուսնու հետ այցելել է Խորհրդային Միություն, եղել Հայաստանում և իր պահոցի (արխիվ) մի մասը նվիրել Երևանի Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։ Մահացել է Մեխիկոյում: