Ծնվել է 1968թ. հունիսի 5-ին, Էջմիածնում: 1985թ. ավարտել է Մ.Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը: 1985-87թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական ստուդիայում՝ Նիկոլայ Ծատուրյանի և Արմեն Էլբակյանի արվեստանոցներում: Ուսումից հետո, որպես մեներգչուհի և դերասանուհի, աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, «Մետրո», «Ոզնիներ» թատրոններում: Խաղացել է Հ.Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» (Կին), Զ.Խալափյանի «Տարբեր նվագներ» (Հայկան), Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Կին), Է.Հեմինգուեյի «Ուիլի, Թիթի, Ջիգ և երեքն էլ մի աղջիկ» (Մերի), Մոլիերի «Ժլատը» (Կլոդ) և այլ ներկայացումներում: Հյուրախաղերով եղել է Սիրիայում և Լիբանանում: 1995թ-ից ներկայանում է որպես անհատ երգչուհի: Այդ թվականներին ձայնագրել է իր հայտնի կատարումներից՝ «Երևանի սիրուն տղա», «Գայի, գայի», «Ղափամա», «Ապարան» և այլ երգեր: Նրա երգերի մեծ մասը հիմնականում հումորային ժանրին են պատկանում: 1995թ. արժանացել է «Ասուպ» երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն փոփ երգ» մրցանակին: Մենահամերգներով հանդես է եկել Ռուսաստանում, իսկ համերգային շրջագայություններով հանդես է եկել Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Չեխիայում և այլ երկրներում: Թողարկել է «Պաչիկ-մաչիկ» (2001թ.), «Լավագույն երգեր» (2002թ.), «Արի ասեմ» (2004թ.), «The Best» (2009թ., 2015թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: 2004թ. և 2009թ. Նյու Յորքում արժանացել է «Big Apple» երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ոճային երգչուհի», իսկ 2007թ.՝ Մոսկվայի «Հայաստանի Տարվա Երգ» մրցանակաբաշխության «Տարվա հումորային ժանրի երգչուհի» մրցանակներին: 2006-08թթ աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել և վարել է «Իմ արև» հաղորդաշարը: