Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը՝ Կարինե Սմբատյանի դասարանը: 1985-90թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1990-93թթ` ասպիրանտուրայում, պրոֆեսորներ Գեորգի Սարաջյանի և Սերգեյ Սարաջյանի դասարաններում: Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Մերձբալթյան երկրներում, ԱՄԷ-ում, Լիբանանում, Ավստրալիայում, Չեխիայում, Իսպանիայում, Ճապոնիայում և այլուր: Դարձել է միջազգային և հանրապետական մի շարք մրցույթների դափնեկիր: «Հռոմ 2003» դաշնակահարների միջազգային մրցույթի ժամանակ արժանացել է կրկնակի դափնեկրի կոչման և շքանշանի` Հռոմի դեպուտատների պալատի կողմից: Թողարկել է մի քանի խտասալիկներ` այդ թվում «Արամ Խաչատրյան. անհայտ էջեր» խտասալիկը` նվիրված մեծ կոմպոզիտորի քիչ հայտնի դաշնամուրային ստեղծագործություններին: 2003թ. հիմնադրել է «Սոնետ» դաշնամուրային դուետը` դաշնակահար Սոնա Բարսեղյանի հետ: 2005թ-ից Արամ Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարն է, որի կազմում ելույթ է ունեցել Վիեննայի, Համբուրգի, Լայպցիգի, Մյունխենի, Լոնդոնի, Տոկիոյի և այլ քաղաքների հեղինակավոր բեմահարթակներում: 2010թ. եռյակի մյուս անդամների հետ ստեղծել է «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամ», որն ակտիվ գործունեություն է ծավալել` պրոպագանդելով մասնավորապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, աջակցելով շնորհալի պատանի երաժիշտներին: 2005թ. Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է նվագակցության արվեստի փառատոն, 2008թ.` Արամ Խաչատրյանի 105-ամյակին նվիրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների փառատոն, 2013թ.` միջազգային գիտաժողով` նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: 2007թ. հրատարակել է իր բանաստեղծությունների «24 պրելյուդ» խորագիրը կրող ժողովածուն: Դաշնակահարի նվագացանկում տեղ են գտել Ա.Խաչատրյանի, Է.Միրզոյանի, Ա.Հարությունյանի, Մոցարտի, Շոպենի, Բրամսի, Ռախմանինովի, Դեբյուսիի, Չայկովսկու և այլոց ստեղծագործությունները: Նրան են ձոնվել մի շարք կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հանդես է եկել երկացանկային լայն ու բազմաժանր ընդգրկումներով, ներկայանում է մենակատարային և անսամբլային ելույթներով: Կատարումներն առանձնանում են ինքնարտահայտման անհատականությամբ, խոր հուզականությամբ, գեղարվեստական բարձր ճաշակով: 2004թ-ից ղեկավարում է Արամ Խաչատրյանի տուն-թագարանը: Հայ դաշնակահար-ուսուցիչների ասոցիացիայի պատվավոր նախագահն է: Որպես ժյուրիի անդամ հանդես է եկել մի շարք միջազգային և հանրապետական երաժշտական մրցույթներում: 1995թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (2004թ-ից՝ պրոֆեսոր): Եվրոպայի դաշնակահար-ուսուցիչների ասոցիացիայի (EPTA) հայաստանյան մասնաճյուղի պատվավոր նախագահն է: 2013թ. Լեհաստանի հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարի կողմից պարգևատրվել է շքանշանով` Լեհաստանի մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար: