Ծնվել է ՀՀ Խդրանց գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): 1918թ. ընտանիքով տեղափոխվել է Աստրախան, այնտեղից՝ Բաքու, որտեղ սովորել և 1925թ. ավարտել է Բաքվի Հովհաննես Թումանյանիանվան թիվ 22 հայկական միջնակարգ դպրոցը: 1929թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Այնուհետև վերադարձել է Բաքու և հայոց լեզու ու գրականություն դասավանդել Վ.Լենինի անվան բանֆակում։ 1935-38թթ սովորել է Երևանի համալսարանի ասպիրանտուրայում։ 1937-38թ հայ գրականություն է դասախոսել Ադրբեջանի Վ.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնում, 1938թ-ից՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում, որտեղ 1938-45թթ եղել է բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1939-51թթ՝ հայ գրականության ամբիոնի վարիչը, 1960-64թթ՝ ինստիտուտի պրոռեկտորը։ Դասախոսական աշխատանքին զուգընթաց 1944-48թթ եղել է «Գրական թերթ»-ի խմբագիրը։ 1963թ. «Պերճ Պռոշյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1965թ-ից՝ պրոֆեսոր)։ Գրել է գրականագիտական ուսումնասիրություններ. «Հայրենական պատերազմի շրջանի սովետահայ գրականության մի քանի բնորոշ գծերը» (1952թ.), «Կանայք մեր երկրում կոմունիզմի կառուցման ակտիվ շինարարներ են» (1957թ.), «Չարենցը Հոկտեմբերի երգիչ» (1958թ.), «Պերճ Պռոշյան» (1962թ.), «Չարենցը և Հոկտեմբերը» (1967թ.) և այլն։ 1947թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1967թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: