Արշակուհի Ճեզվեճյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է գրող, բանասեր Թեոդիկի կինը: Ավարտել է Կ.Պոլսի Սամաթիայի Նունյան-Վարդուհյան վարժարանը: 1895թ. անցնելով Անգլիա, սովորել է Սքարբրը քաղաքի Վեստլանդ բարձրագույն դպրոցում, ավարտելուց հետո մեկնել է Փարիզ, շարունակել ուսումը, միաժամանակ աշխատակցել Լուսինյանի ֆրանս-հայկական բառարանին որպես բառերի դասավորող և հայ նորաբանություններ հավաքող։ 1898թ. վերադարձել է Կ.Պոլիս և պաշտոնավարել Սկյուտարի ճեմարանում։ Աշխատակցել է «Ծաղիկ», «Մանզումե», «Սուրհանդակ», «Բյուզանդիոն», «Ժամանակ» և այլ պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույցներ»-ին։ Եղել է Կ.Պոլսի «Ազգանվեր հայուհյաց» միության գործիչներից: Հիմնադրել է Կ.Պոլսի «Տիկնանց միություն»-ը: Առանձին գրքով լույս է տեսել նրա «Ամիս մը ի Կիլիկիա» աշխատությունը (1910թ.), որը գլխավորապես իր տպավորություններն են 1909թ. կոտորածից հետո ամայացած Կիլիկիայից։ Կազմել է «Արդի բարոյագիտությունը» դասագիրքը (1911-12թթ) միջին և բարձրագույն դասընթացներով։ Ունեցել է ակտիվ հասարակական գործունեություն։ Մահացել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում: