Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում: Սովորել է Էջմիածի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Շուշիի թեմական դպրոցում: 1898-1902թթ ծառայել է Ցարական բանակում: 1903-04թթ աշխատել է Թիֆլիսի «Մուրճ» ամսագրի խմբագրությունում` որպես սրբագրիչ: 1904-07թթ ուսուցչություն է արել Իրանի Սավրա գյուղի դպրոցում, որտեղ գրի է առել Սալմաստի բոլոր 23 հայկական գյուղերի վիճակագրությունը, հավաքել ու գրի առել ժողովրդական երգն ու բանահյուսությունը: 1907-11թթ ուսուցչություն է արել Նոր Ջուղայի դպրոցներում, ապա ղեկավարել ռուս-պարսկական բանկի Սպահանի բաժանմունքը: Այդ տարիներին եղել է նաև քառաձայն երգչախմբի ղեկավար, մեներգիչ և դերասան` հյուրախաղերի եկած Սիրանույշի և Արմեն Արմենյանի խմբերում: Գրել է դրամատիկական երկեր, որոնցից «Սասունցի Դավիթ»-ը 1922թ. բեմադրվել է Թեհրանում, ապա` Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Գրել է «Թույն» (վեպ, 1897թ.), «Իրանա» (1898թ.), «Զգացմունք» (երգիծական վիպակ, 1898թ.), «Սիրո հովիտը» (1904թ.), «Հառաջաբան» (1905թ.), «Սալմաստ» (տեղագրություն, 1906թ.), «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և նրա կառավարությունը» (1922թ.) երկերը: 1923թ. վերադարձել է Հայաստան: Ուսուցչություն է արել Երևանում, Լենինականում, Ստեփանակերտում: Եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղարը, Լուսժողկոմատի բաժնի վաիրչը, գյուղատնտեսական բանկի գլխավոր հաշվապահը: 1935թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Ռուսերենից և պարսկերենից հայերեն կատարել է մի շարք գրքերի թարգմանություններ: 1938թ., Ստալինի ցուցումով, գրողին ձերբակալել են և մեղադրանք են առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար, ապա՝ գնդակահարել՝ որպես «ժողովրդի թշնամի»: 1955թ. արդարացվել է: