Zark Foundation

Արշակ Սահակյան

Արշակ Սահակյան

Դուդուկահար

Ծնվել է 1970թ. ապրիլի 26-ին, Երևանում: Քանոնահար Արմինե Ասատրյանի ամուսինն է: 1986թ. ավարտել է Երևանի Կռիլովի անվան թիվ 17 միջնակարգ դպրոցը: Նույն տարում ընդունվել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1987-90թթ ուսմանը զուգահեռ նվագել է Հայաստանի երգչախմբային ընկերության երգի-պարի մանկական անսամբլում: Նույն տարիներին միաժամանակ դասավանդել է Երգչախմբային ընկերությանը կից ստուդիայում` դուդուկի և շվիի դասարաններում: Մանկական անսամբլի հետ համերգներով ելույթ է ունեցել Անգլիայում, Հունաստանում և ՌԴ քաղաքներում: 1990-95թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Ջիվան Գասպարյանի և Արմեն Ստեփանյանի դուդուկի դասարան): 1991թ-ից աշխատում է Հայաստանի պարի պետական անսամբլում որպես մենակատար-դուդուկահար: Անսամբլի հետ մեկնել է հյուրախաղերի Ֆրանսիա, Անգլիա, Իսպանիա, Հոլանդիա, Գերմանիա, Բեյրութ, Իրան, ՄԱԷ, Թուրքիա և այլուր: 1992-95թթ աշխատել է Հեռուստառադիոընկերության «Հայասա» ազգագրական համույթում որպես մենակատար-դուդուկահար: 1996թ-ից համագործակցում է կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ, ում հետ հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանյան բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա և այլն: Մոսկվայի Կրեմլի դահլիճում 4 անգամ հանդես է եկել մենահամերգներով: 2018թ. Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որպես մենակատար, հանդես է եկել ԱՄԷ Շարժա քաղաքում: Նույն թվականին Ավստրալիայում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո կազմակերպած համերգին: Համագործակցել է Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Համագործակցել է նաև Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որպես մենակատար հանդես գալով Ավետ Տերտերյանի սիմֆոնիայում: Բեյրութում և Օմանում ելույթ է ունեցել Բեյրութի օպերայի և բալետի «Կարակալլա» սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Որպես մենակատար հանդես է եկել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Մասնակցել է Վաչէ Հովսեփյանի անվան դուդուկահարների սեքստետի ստեղծմանը, որի շրջանակներում թողարկվել է ձայնասկավառակ: 2000թ. Գյումրիում մասնակցել է դուդուկի փառատոնին, որտեղ ստացել է Գրան Պրի: Համերգներով հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում: 1997թ., որպես մենակատար-դուդուկահար և հատուկ հյուր, մասնակցել է Նորվեգիայում համաշխարհային փառատոնի, ներկայացնելով ազգային, աշուղական, կոմպոզիտորական, ժողովրդական ստեղծագործություններ: Համագործակցել է Հումայուն Շհաջարիանի, Սոհրաբ Փուր Նազերի, Թահմուրես Փուր Նազերի և Իրանի մի շարք այլ անվանի երաժիշտների հետ: Մասնակցել է 10-ից ավել իրանական նկարահանվող ֆիլմերի երաժշտություններում: Եղել է միջազգային, հանրապետական և քաղաքային մի շարք մրցույթ-փառատոների ժյուրիի անդամ, նախագահ: Համագործակցել է հայ երգարվեստի մի շարք արտիստների հետ` Ֆլորա Մարտիրոսյան, Շուշան Պետրոսյան, Լեյլա Սարիբեկյան, Սյուզան Մարգարյան, Նաիրուհի Ալավերդյան և այլն, կոմպոզիտորներ Կարեն Մարգարյանի, Գի Մանուկյանի, Արա Գևորգյանի, Վահե Նահապետյանի, Մարտին Ահարոնյանի և այլոց հետ: 2013թ-ից համագործակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդաշարի հետ: Տարբեր համերգային նախագծերում նվագել է Պեդրո Յուստաշիի հետ, որին, ի դեպ, տվել է դուդուկի զուռնայի վարպետաց դասեր: Արաբ երգչուհի Ջուլիա Բուտրոսի մենահամերգներին մասնակցել է որպես մենակատար-դուդուկահար, նվագակցությամբ համաշխարհային մի շարք սիմֆոնիկ նվագախմբերի: Որպես մենակատար նվագել է «Deep Purple» խմբի աշխարհահռչակ երաժիշտ Յան Գիլանի հրատարակած ձայնասկավառակում: Որպես մենակատար երաժիշտ թողարկել է 4 ձայնասկավառակ և 4 տեսահոլովակ: Որպես մենակատար մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» մրցույթ-փառատոնին: 2022թ. Եգիպտոսում կայացած կառավարական համերգին՝ նվիրված հայ-եգիպտական դիվանագիտության ստեղծման 30-ամյակին, «Կադանս» անսամբլի հետ ելույթ է ունեցել որպես մենակատար: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2014թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: