Ծնվել է Հայաստանի Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում։ Սովորել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Գ․Սունդուկյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում։ 1981-83թթ ծառայել է Խորհրդային բանակում։ 1986-88թթ սովորել է Գրադարանների կենտրոնացված համակարգի ժողովրդական համալսարանի արվեստի և գրականության բաժնում։ 1994թ․ մասնակցել է Ղարաբաղի պաշտպանական գործողություններին։ 1995թ․ ունեցել է հեղինակային երգերի մենահամերգ։ 2007թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ և ՀԱԲ Վանաձորի խորհրդի անդամ։ Աշխատել է տարբեր հիմնարկներում, այդ թվում՝ 1999-2000թթ Վանաձորի տիկնիկային թատրոնում որպես լուսային օպերատոր։ 1997թ․ պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, 2009թ․՝ «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական ԲՀԿ-ի «Հայոց արծիվ» մեդալով, 2011թ․՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Ծովակալ Իսակով» մեդալով։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են ամսագրերում, անթոլոգիաներում, թերթերում։ Բանաստեղծությունների առաջին՝ «Հիշողության հայելի» ժողովածուն տպագրվել է 1994թ․, երկրորդ՝ «Բեստիարներ» ժողովածուն՝ 2004թ․, երրորդ գիրքը՝ «Բեստիարներ-եռագրություն»՝ 2010թ․։ Նրա բանաստեղծությունների վերջին՝ «Քնար քերթության» գիրքը տպագրվել է 2020թ․։ 1999թ․ արժանացել է «Մխիթար Սեբաստացի» գրական մրցանակի։ Մահացել է Վանաձորում։