Արշավիր Մնացականյան
Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Գետաշեն գյուղում։ Հայրը եղել է դարբին, որից էլ մակաբերել է «Դարբնի» գրական անունը։ Ավարտել է Բաքվի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, ապա սովորել Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի գրական-սցենարական ֆակուլտետում։ Երկար տարիներ աշխատել է Բաքվի հայկական դրամատիկական թատրոնում` որպես գրական-գեղարվեստական բաժնի վարիչ։ Նրա անդրանիկ պիեսը` «Հողը ծիծաղոմ է», բեմադրվել է Բաքվի հայկական թատրոնում։ Հետագայում գրել է «Արծիվներ», «Դատավճիռ», «Վրեժ», «Երբ բացվում է մանուշակը» դրամաները։ Վերջին դրաման Մոսկվայում արժանացել է խրախուսական մրցանակի և բեմադրվել է Ադրբեջանի և Հայաստանի մի շարք թատրոններում։ Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին։ Եղել է սակրավորների առանձին գումարտակի կոմիսար, դիվիզիայի թերթի խմբագրի տեղակալը։ 1948թ-ից բնակվել է Երևանում։ 1937թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1949-50թթ` ՀԳՄ վարչության քարտուղարը։ Աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, Հայաստանի կինոաշխատողների միությունում: 1966-80թթ որպես խորհրդական աշխատել է ՀԳՄ-ում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է Երևանում: