Zark Foundation

Արշավիր Խոնդկարյան

Արշավիր Խոնդկարյան

Թարգմանիչ

1 մարտ, 1889 - 15 ապրիլ, 1957

Ծնվել է Արևելյան Հայաստանի Սուրմալուի գավառի Հախվերիս գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Իգդիրի ռուսական դպրոցում։ 1909-15թթ ուսուցչություն է արել Կոշ (այժմ` Արագածոտնի մարզում), Մոլլա-Գյոկչա (Սուրմալուի գավառում), Մեծ Շահրիար (այժմ` Արմավիրի մարզում), Ճաթղռան (այժմ` Կոտայքի մարզի Գեղաշեն), Առաքյուլ (ԼՂ Հադրութի շրջան) գյուղերում։ 1915-18թթ ծառայել է բանակում։ 1918-21թթ որպես թարգմանիչ աշխատել է «Նոր աշխատավոր» թերթի խմբագրությունում, միաժամանակ սովորել Թիֆլիս Անդրկովկասյան համալսարանի պատմագրական ֆակուլտետում։ 1921-23թթ եղել է ՀԽՍՀ լուսժողկոմատի գլխքաղլուսի հրահանգիչ-դասախոս, բաժնի վարիչ, 1923-26թթ` թարգմանիչ «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, 1926-27թթ` Արմենտայի (Արմենպրես) պատասխանատու խմբագիրը, 1927-32թթ` «Խորհրդային Հայաստան» թերթի թարգմանիչ և ոճաբան, 1932-33թթ` «Հայկինո»-ի սցենարիստ, 1934-38թթ` «Խորհրդային Հայաստան» թերթի բաժնի վարիչը, թարգմանիչ, 1938-57թթ` Հայպետհրատում թարգմանիչ։ Հրատարակվել են նրա «Բանթղթակից Յասարի վերելքը» (պատմվածք, 1924թ.), «Վերջին ժամ» (բանաստեղծություններ, 1977թ.) գրքերը: Ռուսերենից հայերեն է թարգմանել Գ.Շենգելի «Ամբողջ իշխանությունը խորհուրդներին» (1922թ.), Գոլսուորսի «Պայքար» (1923թ.), «Ելի՛ր պայքարի, տրու՛կ գաղութի» (ինսցենիրովկա, 1925թ.), Վ.Լենինի «Չինաստանի մասին» (1927թ.), Մ.Շահինյանի «Հիդրոցենտրալ» (վեպ, 1932թ.), Մ.Լերմոնտովի «Մեր ժամանակների հերոսը» (1935թ.), Մ.Գորկու «Հոդվածների ժողովածու» (1941թ.), Ս.Ցվայգի «Ընտիր նովելներ» (1942թ.), Ս.Հեյմի «Խաչակիրներ» (վեպ, 1952թ.) և այլ աշխատություններ: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Կրել է նաև Անվեհեր, Շեշտ, Պսպոր ծածկանունները։ Մահացել է Երևանում։