Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ Կրել է «Շար-լաթ» գրական անունը։ Նախնական կրթությունն ստացել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1900թ. տեղափոխվել է Թիֆլիս և որպես խառատի աշակերտ աշխատել Յարալովի գործարանում։ 1901-04թթ ցրիչ է եղել «Նոր դար»-ի խմբագրությունում։ 1904-07թթ սովորել է Թիֆլիսի երաժշտական դպրոցում և դարձել ջութակահար։ 1908-10թթ ուսուցչություն է արել Թեհրանի հայկական ծխական դպրոցում: 1910-14թթ եղել է Պետերբուրգի «Կոմետա» թատրոնի ջութակահար, 1914-17թթ` Պոպովի լազարեթում` բուժակ, 1917-19թթ` ուսուցիչ Եվպատորիայում, ապա Հին Ղրիմում և Նոր Բայազետում։ 1921թ. մանկական վարիչ է աշխատել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), 1921-24թթ՝ լուսբաժնի վարիչ Դարալագյազի գավառում, 1924-25թթ՝ գավկոմի հրահանգիչ Էջմիածնում, 1927թ.՝ Երևանի «Կոմունիստ» ամսագրի պատասխանատու քարտուղար, 1927-29թթ՝ Մոպրի Կենտկոմի պատասխանատու քարտուղար, 1929-30թթ՝ հրահանգիչ Պետհրատում, 1930-32թթ՝ Հայկինոյի խրոնիկայի բաժնի վարիչ, 1932-33թթ՝ «Սոցգյուղ» թերթի (Երևան) ֆելիետոնիստ, 1933-37թթ՝ բաժնի վարիչ Պետհրատում, 1941-45թթ՝ Հայկական հեռագրական գործակալության (Արմենպրես) թղթակից։ Գրել է 9 դրամա, որոնք տարբեր ժամանակներում բեմադրվել են Անդրկովկասի հայկական թատրոններում։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Երևանում։