Ծնվել է ՀՀ Փաշալու գյուղում (այժմ` ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղ): 1894-99թթ սովորել է Երևանի արական գիմնազիայում: 1899թ. ընդունվել է Խարկովի համալսարան: Կապվել է հեղափոխական կազմակերպությունների հետ. մասնակցել ուսանողական ելույթների, որի պատճառով 1901թ. հեռացվել է համալսարանից: Հաջորդ տարի մասնակցել է Պետերբուրգի ուսանողների համագումարին, որտեղ ծանոթացել է Ստեփան Շահումյանի հետ: Ընտրվել է Ռիգայում հրավիրված համառուսաստանյան ուսանողական համագումարի պատվիրակ: 1903թ. մեկնել է արտասահման, որտեղ ապրել է մինչև 1911թ.: Նախ սովորել է Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության բաժնում, ապա` Նյուշատելի (Շվեյցարիա) ակադեմիայի գրականության ֆակուլտետում, որն ավարտել է 1905թ.: Արտասահմանում ծանոթացել է Վ.Լենինի, Գ.Պլեխանովի, Ռ.Լյուքսեմբուրգի, Ա.Բեբելի, Կ.Լիբկենեխտի հետ: 1912թ-ից Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցում դասավանդել է ռուսերեն, գրականություն, նաև` պատմություն, ծավալել հրապարակախոսական աշխատանք: 1913թ. վերջին հիմնադրել է բոլշևիկյան «Խոսք» շաբաթաթերթը, որի առաջնորդողների զգալի մասը գրել է ինքը, տպագրել փիլիսոփայական, պատմական, տեսական հոդվածներ: Թերթի 17-րդ համարից հետո, բանտարկվել է` մեղադրվելով թերթին հակակառավարական ուղղություն տալու համար: 1918-19թթ հաջողվել է վերահրատարակել թերթը որպես ՌՍԴԲԿ Երևանի կոմիտեի օրգան: Փետրվարյան հեղափոխության օրերին և հաջորդող շրջանում գործել է Երևանում: 1919թ. ընտրվել է Հայաստանի խորհրդարանի անդամ` ներկայացնելով սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը: Եղել է «Սպարտակ» երիտասարդական կազմակերպության հիմնադիրներից, ընտրվել է Արմենկոմի առաջին կազմում: 1920թ. մեկնել է Մոսկվա, եղել է «Կոմունիստիչեսկի տրուդ» պարբերականի խմբագրի տեղակալը, ապա աշխատել Արտգործժողժողկոմատի մամուլի բաժնում: 1921թ. նշանակվել է Թիֆլիսում լույս տեսնող «Կարմիր աստղ» թերթի պատասխանատու քարտուղար: Եղել է «Մարտակոչ» (հետագայում` «Պրոլետար») թերթի ղեկավար աշխատողներից, Վրաստանի մարքսիստ պատմաբանների ընկերության վարչության անդամ, Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հայկական մասնաճյուղի բյուրոյի անդամ: 1924-32թթ դասախոսել է Թիֆլիսում նոր բացված 26 կոմիսարների անվան Անդրկովկասյան կոմունիստական համալսարանում (1932թ-ից` պրոֆեսոր): Հայերենից բացի տիրապետել է ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, լատիներեն, անգլերեն, իտալերեն լեզուներին, անգիր իմացել համաշխարհային գրականության լավագույն նմուշները: Պաշտպանել է Րաֆֆուգրական ժառանգությունն ու Եղիշե Չարենցի պոեզիան: Աշխատությունները վերաբերել են հայ հասարակական մտքի, մամուլի պատմության հարցերին: 1906թ-ից եղել է ՌՍԴԲԿ, 1934թ-ից` ԽՍՀՄ գրողների միության անդամ: Թիֆլիսի պարբերականներում հանդես է եկել Ար.մեն, Ա.Մ., Պատրիկ, Գավառացի ծածկանուններով: 1937թ. անհիմն բռնադատվել է և եղել ստալինյան բռնատիրության զոհ: Արդարացվել է հետմահու: Ծննդավայրում կանգնեցված է Արշավիր Մելիքյանի հուշարձանը: