Արշալույս Հովհաննիսյան
Ծնվել է Բաքվում: 1932թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1931-61թթ եղել է «Սոյուզկինոխրոնիկա»-ի (այժմ՝ Մոսկվայի Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիա) ռեժիսոր: Եղել է նաև «Պիոներիա» կինոժուռնալի կազմակերպիչը (1931թ.) և ղեկավարը (մինչև 1946թ.): Կինոռեժիսորի վավերագրական կինոնկարներից են՝ «Երիտասարդության տոնը» (1937թ.), «Պատմվածք մեր երեխաների մասին» (1946թ.), «Կոմունիզմի երիտասարդ կառուցողները» (1949թ.), «Աշխարհի պատանեկությունը» (1949թ.), «Սովետական Հայաստան» (1950թ.) և այլն: 1958թ. ստեղծել է «Արտասովոր հանդիպումներ» ֆիլմը, ուր արտացոլված է «Պիոներիա»-ի առաջին համարների հերոսների հետագա 20 տարվա կյանքը: Մ.Երզնկյանի համահեղինակությամբ 1954թ. գրել է «Լեռնային լճի գաղտնիքը» հայկական գեղարվեստական ֆիլմի սցենարը: 1928-61թթ դասավանդել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում, 1959-61թթ եղել է ինստիտուտի դոկումենտալ ֆիլմերի արվեստանոցի ղեկավարը: Դարձել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1950թ.) և Խաղաղության միջազգային մրցանակի (1950թ.) դափնեկիր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1947թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում: