Ծնվել է 1983թ. մայիսի 16-ին, Երևանում: Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի դուստրն է: 2000թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցը, 2004թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, 2005թ. (էքստերն) բուհի ասպիրանտուրան՝ Ռոզա Թանդիլյանի ղեկավարությամբ: 1995թ. մասնակցել է «Ամադեուս» մրցույթին և «Իմ հանրապետությունը 5 տարեկան է» փառատոնին` արժանանալով դափնեկրի կոչման: 1996թ-ից հանդես է եկել մենահամերգներով Հայաստանում և արտերկրում: 1997թ-ից ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տարբեր դիրիժորների ղեկավարությամբ` կատարելով Սեն-Սանսի (թիվ 2), Պրոկոֆևի (թիվ 1), Ռավելի (թիվ 1), Ռախմանինովի (թիվ 2) և Մոցարտի (թիվ 20) կոնցերտները: 1998թ. արժանացել է «Շնորհալիներ» մրցույթի 1-ին մրցանակին: 1999թ. ԱՄՆ-ում մասնակցել է Շոպենի մահվան 150-ամյակին նվիրված դաշնակահարների միջազգային համաժողովին` ստանալով «Լավագույն մենակատար» դիպլոմը: 2000թ. արժանացել է Ա.Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթի 1-ին և հատուկ մրցանակներին: Եղել է Վ.Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի, International Cultural Exchange Fund-ի, Օրբելյան հիմնադրամի կրթաթոշակառու: 2001թ. Մոցարտի թիվ 20 կոնցերտի կատարմամբ Երևանում հանդես է եկել «Մոսկվայի վիրտուոզներ» անսամբլի հետ` Վ.Սպիվակովի ղեկավարությամբ: 2001թ. մասնակցել է Կոլմարի միջազգային փառատոնին (Ֆրանսիա) և Օքսֆորդի միջազգային երրորդ փառատոնին (Անգլիա): 2002թ. արժանացել է International Cultural Exchange Fund-ի 1-ին մրցանակին: Նույն թվականին հրավեր է ստացել նվագելու Ա.Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը Murfreesboro ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դոկտոր Լ.Հարվինի ղեկավարությամբ: Նույն կոնցերտի կատարմամբ հանդես է եկել ՀՊՖՆ-ի հետ և ձայնագրել այն: Մասնակցել է Դ.Պոլակի, Ն.Պետրովի, Գ.Չերնի-Ստեֆանսկայայի, Մ.Վոսկրոսենսկու, Ն.Յուժանինի, Օ.Յաբլոնսկայայի, Մ.Պրոսլերի և Ն.Սվետլանովայի վարպետության դասընթացներին: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Չինաստանում, Կանադայում, Գերմանիայում, Լեհաստանում և Շվեյցարիայում: 2003թ. Մոսկվայի կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան) 6 համերգ է ներկայացրել Բրազիլիայում և Ուրուգվայում` ծրագրում ունենալով Շոստակովիչի թիվ 1 և Հայդնի ռե-մաժոր կոնցերտները: 2008թ. AMC ընկերությունը թողարկել է դաշնակահարի ստեղծագործություններով «Romantic Fire» ձայնասկավառակը: 2009թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին, 2014թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: