Ծնվել է ՀՀ Լոռու մարզի Սանահին գյուղում: Եղել է ռեժիսոր Վարդան Աճեմյանի կինը: Պատանեկությունը անցել է Թիֆլիսում, որտեղ էլ մշտապես ներկա է եղել Հասմիկի, Արուս Ոսկանյանի, Օլգա Գուլազյանի, Ավետ Ավետիսյանի ելույթներին: 1922թ., երբ դերասանուհի Օլգա Մայսուրյանը դերասաններ է ընտրել Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում սովորելու համար, Ասրյանը գերազանց քննություններ է հանձնել, բայց հրաժարվել է մեկնելուց` ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով: 1924-28թթ աշխատել է Թիֆլիսի Հայ դրամայում (այժմ` Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն): 1929թ. հրավիրվել է Լենինականի նորաստեղծ թատրոն (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն), որտեղ խաղացել է Շողակաթի դերը` Հ.Պարոնյաի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ, որը դերասանուհուն հռչակ ու ճանաչում է բերել: Այնուհետև Վ.Աճեմյանի բեմադրած Ն.Գոգոլի «Հյուրանոցի տիրուհին» պիեսում հանդես է եկել Միրանդոլինայի դերով: Դերասանուհու արվեստին բնորոշ է եղել ճկուն խաղը, ցայտուն ռիթմի և շեշտված դերապատկերի նախասիրությունը: 1940թ. հրավիրվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ ստեղծել է լավագույն կերպարներ, որոնց մեջ փայլել են հատկապես մայրերի և մամիկների կերպարները: Խաղացած ներկայացումներից են` Ա.Կրոնինի «Բրոուդիի ամրոցը» (Մարգրետ), Գ.Տեր-Գրիգորյանի «Գարնան անձրև» (Հեղինե), Զ.Դարյանի «Հանրապետության նախագահ» (Մարե), Ա.Պապայանի «Աշխարհն, այո', շուռ է եկել» (Նուբար), Հ.Պարոնյանի «Պաղդասար աղբար» (Անուշ), «Մեծապատիվ մուրաց կաններ» (Շողակաթ), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Տատիկ), Բ.Լավրենյովի «Բեկում» (Քսենյա), Մ.Գորկու «Հատակում» (Նաստյա), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լուիզա), Ա.Արբուգովի «Տանյա» (Տանյա), Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք» (Դիանա), Կ.Սիմոնովի «Ռուս մարդիկ» (Վալյա) և այլն: Կերտել է շուրջ 250 դեր: Հմայիչ կերպարներ է ստեղծել նաև կինոյում: 1938թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է Ամասի Մարտիրոսյանի «Քաջ Նազարը» ֆիլմում, որտեղ կերտել է Ուստիանի դերը, 1940թ.` Համո Բեկնազարյանի «Դավիթ Բեկ» ֆիլմում, որտեղ էլ մարմնավորել է սևամորթ աղախնու` Զեյնաբի դերը: Նկարահանվել է նաև «Լեռնային լճի գաղտնիքը», «Իմ սիրտը լեռներում է» և այլ ֆիլմերում: Պարգևատրվել է մի շարք պետական շքանշաններով և մեդալներով: 1945թ. արժանացել է Հայաստանի, 1972թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: