Ծնվել է 1969թ. հոկտեմբերի 16-ին, Երևանում։ 1976-86թթ սովորել է Երևանի թիվ 46 և 181 դպրոցներում, 1986-92թթ՝ Երևանի ճարտարագիտական համալսարանում, ստացել է ռոբոտատեխնիկի մասնագիտություն։ Այդ ընթացքում ծառայել է խորհրդային բանակում և ակտիվ մասնակցել ղարաբաղյան շարժմանը։ 2008թ. երաժիշտ ընկերների հետ հիմնադրել է հայ խոսքի ու երգի «Արատտա» համույթը։ 2009թ. գաղափարակից ընկերների հետ Արևմտյան Հայաստանում նկարահանել է «Տիր» տեսահոլովակը, իսկ 2010թ. թողարկել է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 140-ամյակներին նվիրված համերգի տեսաերիզը։ 2012թ-ից աշխատել է Գուսանական և ժողովրդական երգի անսամբլում որպես մեներգիչ։ Ընդհանուր առմամբ հեղինակել է ավելի քան 300 երգ, որոնցից ոմանք հիմներգեր են դարձել տարբեր հայրենապաշտական և ազգային ուղղվածության կազմակերպությունների համար։ Հեղինակել է «Հաղթականչ» հայապատում-գիրքը՝ նվիրված Հայկ Նահապետի հաղթանակի 4500-ամյակին (2004թ.), «Մարդանոց» թատերգությունների և թատերական պատմվածքների ժողովածուն (2008թ.), իր ստեղծագործած առակներից բաղկացած «Առակներ» գիրքը (2013թ.): 2011թ. և 2020թ. հրատարակել է 12 գրքույկից բաղկացած «Բա հետո՞...» հեքիաթաշարը՝ ներկայացնելով հայտնի հայկական հեքիաթների հնարավոր շարունակությունները։ Անդամակցում է Հայաստանի գրողների միությանը, Մշակույթի հայկական ֆոնդին։ Մասնակցել է բազմաթիվ համերգների, միջոցառումների, ազգային, ազգագրական ու գրական փառատոների, արժանացել է մի շարք պարգևների, շնորհակալագրերի, մեդալների: