Ծնվել է Թուրքիայի հայաբնակ Պարտիզակ (այժմ Բահչեջիք) ավանում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1888թ. հաստատվել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում, շարունակել ուսումնառությունը։ 1895թ. դարձել է Մխիթարյան միաբանության անդամ, սկսել գրական-թարգմանական և մանկավարժական գործունեությունը։ Նախապես գրել է գրաբար, ապա անցել աշխարհաբարի` դառնալով վերջինիս հետևողական պաշտպանը։ Թարգմանել է եվրոպական դասական և իր ժամանակի բանաստեղծների շատ երկեր, այդ թվում` Հոմերոսի «Իլիական»-ը (1911թ.) և «Ոդիսական»-ը (1924թ.), Վիրգիլիոսի «Էնեական»-ը (1910թ.) և «Մշակականք»-ը (1923թ.), Սոֆոկլեսի «Իդիպոս թագավորը» (1927թ.), Հորացիոսի «Արվեստ քերթողական»-ը (1923թ.), «Ռոլանդի երգը» (1925թ.) ֆրանսիական և «Նիբելունգների երգը» (1925թ.) գերմանական դյուցազնավեպերը և այլն։ Աշխատակցել է Մխիթարյան պարբերականներին («Բազմավեպ», «Մխիթար», «Գեղունի», եղել է նաև վերջինիս խմբագիրը), հրատարակել բանաստեղծություններ, թարգմանություններ, գրականագիտական ու լեզվաբանական հոդվածներ։ Զարգացման նոր աստիճանի է հասցրել արևմտահայ բանաստեղծական լեզուն։ Հայերենի անաղարտության ջատագով լինելու համար ստացել է «պահապան հրեշտակ հայ լեզվի» մականունը։ Հայերեն է դասավանդել Մխիթարյանների մի շարք դպրոցներում, գլխավորապես Վենետիկում (Մուրատ-Ռափայելյան վարժարան) և Կ.Պոլսում։ Միաբանության հանձնարարությամբ 1898թ-ից զբաղվել է Գ.Զարբհանալյանի «Հայկական մատենագիտության» խմբագրման ու լրացման գործով, որը վերածվել է ինքնուրույն մատենագիտության ստեղծման։ Աշխատանքը տևել է 14 տարի, հրապարակել է մաս առ մաս 1909-14թթ` «Հայկական նոր մատենագիտություն և հանրագիտարան հայ կյանքի» վերնագրով։ Ընդգրկում է հայ տպագիր գիրքը 1512թ-ից մինչև 1905թ.։ Կազմված է հեղինակների ազգանունների (հին հեղինակների անունների) և մասամբ վերնագրերի այբբենական կարգով։ Նյութերի ընդգրկման համեմատական լրիվությամբ, տեղեկատվության ճշգրտությամբ և բազմակողմանիությամբ նրա աշխատությունը մեծարժեք ներդրում է հայ տպագիր գրքի մատենագիտության ասպարեզում։ Ըստ նրա ծրագրի` մատենագիտությունը պետք է ընդգրկեր նաև այլալեզու հայագիտական գրականությունը և ամբողջ հայ պարբերական մամուլը։ Հայոց Ցեղասպանության (1915թ.) օրերին Պարտիզակում կորել է ձեռագրերի շարունակությունը, և հրատարակությունն ընդհատվել է Ն տառի սահմանում (Նուրիխան տերմինով)։ Մահացել է Իտալիայի Պադուա քաղաքում: