Ծնվել է 1982թ. նոյեմբերի 6-ին, Երևանում: Բալետի արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանի որդին է: 1991-98թթ սովորել է Հայաստանի ազգային բալետի դպորցում, 1998-2000թթ շարունակել է ուսումը Համբուրգի բալետի դպրոցում` ուսանելով Ջոն Նոյմայերի մոտ: 2000թ. ընդունվել է համբուրգյան բալետի կազմակերպություն և արդեն 2002թ. դարձել մենակատար: 2009թ. ընդունվել է Ցյուրիխի Բալետ` որպես գլխավոր մենակատար: 2011թ. միացել է Շվեդիայի թագավորական բալետին` որպես գլխավոր մենակատար: 1997թ. արժանացել է «Ամադեուս» բալետի մրցույթի ոսկե մեդալի, 1998թ.` միջազգային բալետի մրցույթի Prix-de-Lausanne և Վագանովի միջազգային բալետի մրցույթի 3-րդ մրցանակներին, 2002թ.` Վառնայի միջազգային բալետի մրցույթի Գրան Պրիի, 2003թ.` Համբուրգի դոկտոր Վիլհելմ Օբերդորֆերի մրցանակին, 2005թ.` Նագոյա միջազգային բալետի մրցույթում ժյուրիի հատուկ մրցանակին: 2006թ., 2007թ. և 2011թ. Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում եղել է «ForcefulFeelings» Հայաստանի առաջին պրոֆեսիոնալ «մոբայլ» բալետի գեղարվեստական ղեկավարը: Որպես մենակատար հանդես է եկել հետևյալ բալետներում` Լ.Մինկուսի «Բայադերկա» (Սոլոր), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Բոնվոլիո), Պ.Չայկովսկու «Շելկունչիկ» (Կոլար), «Քնած դշխուհին» (Ամոր Սեգեն, Ալի Բաբա, Կարաբոսե), «Կարապի լիճ» (Ռոտբարտ), «Ամառային գիշերվա երազ» (Դիմոտրոս), Ա.Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» (Գաստոն), «Ոդիսևս» (Տելեմակ), «Կրակի թռչուն» (Իվան Ցարևիչ), «Նոկտյուրն» (Շոպեն), «Սուլֆիդ» (Ջեյմս) և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում, մասնակցել փառատոների ու մրցույթների Լատվիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Չեխիայում, Ուրուգվայում, Շվեյցարիայում և այլուր: 2017թ-ից Ստոկհոլմում «Ապագա կամուրջ» հայկական կրթական և մշակութային ասոցիացիա-միության նախագահն է: 2016թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: