Zark Foundation

Արսեն Տերտերյան

Արսեն Տերտերյան

Գրականագետ, գրաքննադատ

22 դեկտեմբեր, 1882 - 6 հոկտեմբեր, 1953

Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Շուշիքենդ (Շոշ) գյուղում: Սովորել է ծննդավայրի ծխական դպրոցում, 1892-1902թթ` Շուշիի հոգևոր սեմինարիայում։ 1905թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1905-07թթ հայ գրականության պատմություն է դասավանդել Շուշիի հոգևոր սեմինարիայում։ 1905թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին հոդվածը «Կուլտուրական թե՞ անկուլտուրական» վերնագրով։ 1907-09թթ սովորել է Պետերբուրգի նյարդահոգեբանական ինստիտուտում։ Յուրացրած լինելով հոգեբանական դպրոցի սկզբունքները` ծավալել է գրականագիտական քննադատանակ գործունեություն` հայ գրականության մեջ արմատավորելով և առաջինը կիրառելով պոեզիայի, արձակի և հրապարակախոսության գնահատման մեթոդաբանական տարբեր չափանիշներ: 1909-20թթ գրականության պատմություն և տեսություն է դասավանդել Երևանի թեմական դպրոցում։ 1920-53թթ հայ գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Առանց դիսերտացիայի պաշտպանության նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: 1929-53թթ եղել է ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչը (1930թ-ից՝ պրոֆեսոր)։ Համալսարանում մեծ ջանքեր է գործադրել գրականագիտական բարձրորակ կադրեր պատրաստելու, հայ գրականության պատմության ծրագրերը մշակելու և դասավանդումը գիտական հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Հրատարակված աշխատանքներից են՝ «Միքայել Նալբանդյան։ Ազգության հրապարակախոսը» (1910-11թթ), «Վահան Տերյան։ Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը» (1910թ.), «Հովհաննես Թումանյան։ Հայրենի եզերքի քնարերգություն» (1911թ.), «Շիրվանզադե, Հայ ընտանիքի ինտելեգենտի վիպասանը» (երեսնամյա գրական գործունեության առթիվ, 1911թ.), «Հովհաննես Հովհաննիսյան, Սիրո և կարեկցության երգիչը» (երեսնամյա հոբելյանի առթիվ, 1912թ.), «Մուրացանը որպես մտածող և գեղագետ։ Գրական քննադատական ուսումնասիրություն» (արտատպած «Շողեր» ժողովածուից, 1913թ.), «Նար-Դոսի ստեղծագործությունը։ Գրական քննադատական ուսումնասիրություն» (1913թ.), «Լևոն Շանթ։ Սեռի և դասալքության երգիչը» (1913թ.), «Հայոց նոր գրականություն» (1922թ.), «Նկատողություններ մեր գյուղագիրների մասին» (1927թ.), «Հայոց նոր գրականության պատմություն. 19-20-րդ դդ» (10 մասանոց, 1930թ., 1931թ., 1938-39թթ), «Աբովյանի ստեղծագործությունը» (1941թ.), «Հայ հայրենասեր գրողներ» (Հ.Թումանյանի և Ղ.Աղայանի մասին, 1942թ.), «Ռուս մեծ առակախոս բանաստեղծը։ Կռիլովի մահվան հարյուրամյակի առթիվ։ 1844-1944» (1944թ.), «Հայ կլասիկներ» (1944թ.), «Բրյուսովը և հայ կուլտուրան» (1944թ.), «Վ.Գ.Բելինսկի։ Ռուս մեծ քննադատ-հրապարակախոսը։ Մահվան հարյուրամյակի առթիվ։ 1848-1948» (1948թ.), «Պերճ Պռոշյան» (1955թ.), «Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը» (1959թ.), «Երկեր» (1960թ., 1980թ.), «Մուրացան» (1971թ.): 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1943թ-ից` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1940թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: