Zark Foundation

Արտակ Ստեփանյան

Արտակ Ստեփանյան

Օպերային երգիչ

Ծնվել է 1984թ. մայիսի 20-ին, Երևանում: 1991-2001թթ սովորել է Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում, 1993-99թթ՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: Այդ տարիներին մասնակցել է միջազգային մրցույթների և փառատոների: 2005թ. ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» էներգետիկայի ճյուղը: 2005-07թթ ծառայել է հայկական բանակում: 2016թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժինը՝ պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանը: 2021թ-ից համարվում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մեներգիչ: 2021-22թթ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել Մոսիի դերերգով՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայում: Ելույթներ է ունեցել Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում: Համագործակցել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի հետ, Համահայկական նվագախմբի, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի, Վոլգոգրադի «Ցարիցինսկայա» օպերային թատրոնի, Մոսկվայի Մեծ թատրոնի հետ: Մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպած «Մշակութային կանգառ» միջոցառումներին ՀՀ մարզերում, Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդաշարին և այլ հեռուստաընկերությունների նախագծերին, «Թանգարանային գիշեր» միջոցառումներին: Հանդես է եկել Հայաստանի մի շարք առաջնակարգ համերգասրահներում, մասնակցել է բարեգործական համերգների: Վարպետության դասեր է անցել Մոսկվայում` պրոֆեսոր Ռուզաննա Լիսիցիանի մոտ, Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայի վոկալ-դասական ֆակուլտետի դեկան Պ.Սկուսնիչենկոյի մոտ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգիչ Առնոլդ Քոչարյանի մոտ: Կատարել է օպերային տարբեր դերերգեր, արիաներ, երգեր և ռոմանսներ, հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: