Zark Foundation

Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոն

Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոն

Մշակութային կենտրոն

Վերակազմվել է 1956թ. հունվարի 18-ին, Ղամարլուում 1934-56թթ գործող պետական շրջանային թատրոնի հիման վրա (1921թ-ից եղել է սիրողական թատերախումբ)։ Թատրոնն ուներ իր շենքը, կայուն թատերախումբը՝ ռեժիսորներով, նկարիչներով և այլն։ Խմբի դերասաններն էին՝ Լյուսի Թառայանը, Ասյա Աքուլյանը, Շուշիկ Դանիելյանը, Կատյա Ղարիբյանը, Սիրուշ Քյուրքչյանը, Թագուհի Դանիելյանը, Դավիթ Քիշմիրյանը, Ցոլակ Սողոմոնյանը, Դանիել Միլիտոնյանը, Հրանտ Մանվելյանը, Քաջազուն Գյուրջյանը և ուրիշներ։ Միջշրջանայինի վերակազմվելիս խումբը համալրվել է նոր ուժերով՝ ժողովրդական արտիստներ Սեթ Հովհաննիսյան, Վրույր Փանոյան, վաստակավոր արտիստներ Գուրգեն Ջանոյան, Զարիկ Տերյան, Մարգո Կարապետյան և Երևանի թատերական ինստիտուտն ավարտած երիտասարդներով։ Թատրոնը տվել է շուրջ երեք հարյուր բեմադրություն, այդ թվում՝ Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», Ա.Օստրովսկու «Անօժիտը» և «Ամպրոպ», Ֆրանկոյի «Գողացված երջանկություն», Բալզակի «Խորթ մայրը», Բ.Շոուի «Սատանայի աշակերտը» և այլն։ Թատրոնի խաղացանկում մեծ տեղ է տրվել խորհրդային դրամատուրգիային, պատմահեղափոխական պիեսներին։ Տարբեր ժամանակներում թատրոնի ռեժիսորներն են եղել Ռ․Արմենյանը, Հ․Մանվելյանը, Ռ․Մինասյանը, Ռ․Թառյանը և ուրիշներ։ Թատրոնի ներկայացումներում հանդես են եկել հայ բեմի ականավոր վարպետները։ Հիմնադրման օրվանից մինչև 1977թ. թատրոնում է աշխատել ՀՀ ժողովրդական արտիստ Վրույր Փանոյանը։ 1934-90թթ դերասանական շատ հաջողություններ կապված են ՀՀ ժողովրդական արտիստ Սեթ Հովսեփյանի անվան հետ, ով 1951-95թթ բեմադրություններով և դերակատարումներով է հանդես եկել, իսկ 1963-67թթ թատրոնի գլխավոր բեմադրիչն է եղել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Մանվելյանը։ Տարբեր տարիների թատրոնում աշխատել են ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Խաչիկ Նազարեթյանը, վաստակավոր արտիստներ Մ.Կարապետյանը, Զ.Տերյանը, Լ.Սարգսյանը, Գ.Ջանոյանը, Ժ.Գևորգյանը, Ք.Բարսեղյանը, Ք. և Մ.Գյուրջյանները, Ա.Էհրամջյանը, Կ.Ավետիսյան-Մանվելյանը, Շ.Դանիելյանը, Մ.Վարդանյանը և ուրիշներ։ Թատրոնը ղեկավարել և բեմադրություններով հանդես են եկել Ռ.Մինասյանը, Ռ.Սարգսյանը, Հ.Հովհաննիսյանը, Ռ.Ջրբաշյանը, ուրիշներ։ 1956-57թթ բեմադրված Լ.Աբրահամյանի «Սոս և Վարդիթեր», Ի.Ֆրանկոյի «Գողացված երջանկություն» և այլ բեմադրություններ թատրոնի վերաշինության, ստեղծագործական ուժերի համախմբման հիմքերը դրեցին։ Թատրոնի ստեղծագործական վերելքը պայմանավորվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մայիս Ռաֆայելյանի մուտքով: 1972թ-ից ստանձնելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները, նա ստեղծել է մի շարք բեմադրություններ, որոնք դարձել են թատրոնի ստեղծագործական ձեռքբերումները։ Պ.Պռոշյանի «Սոս և Վարդիթեր», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Նար-Դոսի «Մեր թաղը», Ե.Չարենցի «Ազգային երազ», Օտչենաշեկի «Ռոմեոն, Ջուլիետը և խավարը», Էթիլ Լիլիան Վոյնիչի «Բոռ» երկերի բեմականացումները, Շիլլերի «Սեր և խարդավանք», Ժ.Անանյանի, Գ.Չալիկյանի, Ն.Մեսրոպյանի, Ա.Բանայանի և այլ հեղինակների պիեսների բեմադրությունները ճանաչում են բերել թատրոնին, բացահայտել դերասանախմբի հնարավորությունները։ Թատրոնը ղեկավարել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյանը։ Թատերախմբում են եղել ՀՀ վաստակավոր արտիստներ Գրետա Գալստյանը, Գագիկ Սարգսյանը, Վ.Հովհաննիսյանը, Բ․Գևորգյանը դերասաններ Ս.Ղազարյանը, Գ.Թովմասյանը, Ս․Ռուշանյանը, Հ․Ղարիբյանը և ուրիշներ։ Ձգտելով ստեղծել ժամանակակից խաղացանկ, ուշադրություն սևեռել ազգային թատերգությանն ու գրականությանը, թատրոնն անդրադարձել է Լ.Ներսիսյանի «Տիգրան Մեծ», Հ.Մաթևոսյանի «Աշնան արև», Նար-Դոսի «Սպանված աղավնի», Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» և այլ երկերի։ 1950-90-ական թվականներին թատրոնը մշտապես հյուրախաղերով հանդես է եկել Սևծովյան հայաշատ բնակավայրերում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, 1989թ. բարեգործական հիմունքներով թատրոնը ներկայացումներ է ցուցադրել Ադլեր, Սոչի, Տուապսե, Խոստա, Մացեստա բնակավայրերում։ 1986թ. ԽՍՀՄ մշակույթի նախարարության հրավերով թատրոնը «Սեր և խարդավանք» բեմադրությունը ներկայացրել է Մոսկվայում։ 2009թ. Շ.Շահնուրի «Նահանջ առանց երգի» ներկայացումն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Տարվա հայտնություն» մրցանակին։