Ծնվել է 1961թ. հունվարի 4-ին, Երևանում: Բանաստեղծ Գևորգ Էմինի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև` ասպիրանտուրան: Աշխատել է ԵՊՀ Վիլյամ Սարոյանի անվան կենտրոնի վարիչ, Զորյան ինստիտուտի բանավոր ժառանգության հավաքի հայաստանյան ծրագրերի համակարգող: Եղել է Գրողների միջազգային Փ.Ե.Ն. ընկերակցության հայկական կենտրոնի ընդհանուր քարտուղարը: 1991թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Դասավանդել է ԱՄՆ Միչիգանի և Հարվարդի համալսարաններում: 1996թ-ից «Բաբելոն» թարգմանչական գործակալության սեփականատերն է: Նրա թարգմանությունները տպագրվել են հայկական հանդեսներում և մամուլում` «Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Ուրարտու» և այլն: Թարգմանել է անգլերենից հայերեն, անգլերենից ռուսերեն, հայերենից անգլերեն: Գործերից են` Էդգար Պոյի «Պատմվածքներ» (1983թ.), «20-րդ դարի անգլո-ամերիկյան պատմվածք» (1985թ.), Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» (1990թ.), Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» (1991թ.), Վիլյամ Սարոյանի «Պատմվածքներ և պիեսներ 4 հատորյակում» (1991-97թթ), «20-րդ դարի թատերգություն» (1992թ.), Նաիրի Զարյանի«Սասունցի Դավիթ» (2004թ.) և այլն: Նրա թարգմանությամբ «Ուրարտու» թերթում տպագրվել է ամերիկացի գրող Թրևանյանի «Շիբումի» վեպը: 2015թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: