Ծնվել է Բաքվում։ Վաղ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Թեհրան, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ 16 տարեկան հասակում ծանոթացել է երգիչ և վոկալի ուսուցիչ Արամ Սարգսյանի հետ և աշակերտել նրան մինչև Բաքու տեղափոխվելը։ 1960թ. Բաքվում ընդունվել է երաժշտական ուսումնարանի վոկալի բաժին, որը վաղաժամկետ ավարտել է 1963թ.։ 1962թ-ից եղել է Բաքվի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ Թատրոնում 6 տարի աշխատալու արդյունքում դարձել է առաջատար մենակատար, կատարել գլխավոր դերերգերը «Ռիգոլետտո», «Տրուբադուր», «Աիդա», «Տոսկա», «Ֆաուստ», «Սիրո ըմպելիք», «Իշխան Իգոր», «Բորիս Գոդունով» և այլ օպերաներում։ 1967թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար։ Միաժամանակ շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1969թ.։ Երևանի օպերային թատրոնում հանդես է եկել Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա», Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա», Ա.Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», «Արշակ Երկրորդ» և այլ օպերաներում։ 1974թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 1992թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է երգչի գործունեությունը։ Մահացել է Լոս Անջելեսում: