Ծնվել է Գանձակի գավառի Փիփ գյուղում (այժմ` Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Զագլիկ գյուղ): Միջնակարգ կրթությունն ստացել է Գանձակում (նախկին` Կիրովաբադ): 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և աշխատանքի անցել Կոտայքի շրջանում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1958թ-ից աշխատել է որպես լրագրող, 1976թ-ից` «Հայաստան» հրատարակչությունում: Զբաղվել է լրագրական գործունեությամբ, գրական աշխատանքով։ Ռուսերենից թարգմանությամբ հայ ընթերցողին է ներկայացրել նշանավոր շատ գրողների մի շարք ստեղծագործություններ։ Հիմնականում ստեղծագործել է մեծերի համար, թեև նրա մի շարք ստեղծագործություններ միջին ու բարձր տարիքի դպրոցականների ընթերցանության շրջանակներում են։ 1971թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը` «Օջայի ծուխը» պոեմը, որին հաջորդել են «Ակունքներ» (1980թ.), «Մանանա» (1984թ.), «Առյուծաձև Մհեր» (պոեմ, 1985թ.), «Դյուցազունք Սասնա» (հայ ժողավրդական դյուցազնավեպի` «Սասնա Ծռերի» չորս ճյուղերի անբողջական մշակում, պոեմ, 1990թ.), «Այգեքաղ» (1990թ.), «Ժամանակի հորձանուտում» (2001թ.), «Սասնա դյուցազունք» (նոր լրամշակված տարբերակ, 2003թ.), «Աղետավոր իմ դար» (2006թ.), «Երկեր» (2010թ.) ժողովածուները։ Կատարել է նաև մի շարք թարգմանություններ: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր։ 1988թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Երևանում: