Ծնվել է 1928թ. նոյեմբերի 13-ին, Ուզբեկստանի Անդիժան քաղաքում։ 1948-53թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում: 1953-57թթ աշխատել է Հայաստանի Մարտունու շրջանի դպրոցներում՝ որպես մայրենի լեզվի և գրականության ուսուցիչ: 1958-63թթ եղել է Երևանի պետական համալսարանի հրատարակչության գլխավոր խմբագիրը, իսկ 1960-63թթ՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ: 1963-2008թթ աշխատել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում: 1991-94թթ համատեղությամբ աշխատել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ որպես բանասիրական ֆակուլտետի դեկան և հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1994-97թթ համատեղությամբ աշխատել է Գավառի պետական համալսարանում՝ որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1968-71թթ եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալը, նույն թվականներին՝ բանասիրական ֆակուլտետի երեկոյան և հեռակա բաժինների դեկանը, 1978-82թթ՝ ՀԽՍՀ Կոմունիստական կուսակցության՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի բյուրոյի առաջին քարտուղարը, 1983-86թթ՝ ԱՕԿՍ-ի իրանական գործերի վարչության նախագահի տեղակալը, 1984-1987թթ՝ Հայաստանի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարությանն առընթեր հայոց լեզվի գիտամեթոդական խորհրդի գիտնական քարտուղարը: 1987թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1988թ-ից՝ պրոֆեսոր): 2009-14թթ աշխատել է Երևանի «Գլաձոր» համալսարանում՝ որպես հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ։ Հանրապետության և արտասահմանյան գիտական պարբերականներում տպագրել է ավելի քան 200 ուսումնասիրություններ։ Անդրադարձել է ժամանակակից հայոց լեզվի բոլոր մակարդակների կառուցվածքային հիմնահարցերն, լեզվաբանական ոճագիտության տեսական ու գործնական խնդիրներին, բառարանագրության, 20-րդ դարասկզբի և հետպատերազմյան շրջանի հայոց չափածոյի տաղաչափության ու լեզվական արվեստի իրողության հարցերին և այլն: Հեղինակել է բազմաթիվ մենագրություններ, բառարաններ, բուհական ձեռնարկներ և այլ ուսումնասիրություններ: Հրատարակվել են նրա «Կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները արդի հայերենում» (1968թ.), «Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը» (1970թ.), «Պարույր Սևակի չափածոյի բառապաշարը» (1970թ.), «Չափածոյի լեզվական արվեստի հարցեր» (1976թ.), «Պարույր Սևակի չափածոյի բառարան» (հ.1, 1981թ., հ.2, 1982թ.), «Պարույր Սևակի աշխատությունների և թարգմանությունների բառարան» (1986թ.), «Ակնարկներ Պարույր Սևակի բառապաշարի և տաղաչափության» (1991թ.), «Ժամանակակից հայոց լեզվի գործնական աշխատանքների ձեռնարկ: Շարահյուսություն» (2004թ.), «Հայագիտական հետազոտություններ» (2007թ.) աշխատությունները: