Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1912թ. ավարտել է Ալեքսանդրապոլի առևտրական ուսումնարանը, սովորել Մոսկվայի առևտրական ինստիտուտում, զուգահեռ՝ դասախոսություններ լսել տեղի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում։ 1917թ. անդամագրվել է Կոմունիստական կուսակցությանը, մեկնել է Վրաստան, կատարել ընդհատակյա հեղափոխական աշխատանք, որի համար բանտարկվել է։ Ազատվել է 1919թ.։ Ալեքսանդրապոլում մասնակցել է Մայիսյան ապստամբությանը, ձերբակալվել։ Խորհրդային իշխանության տարիներին, մինչև 1924թ., կուսակցական աշխատանքի է եղել Երևանում, Թիֆլիսում, այնուհետև՝ Մոսկվայում։ Տերյանական տխրությամբ համակված իր բանաստեղծություններում երգել է սեր, բնություն, հոգու տվայտանքներ, հնչեցրել սոցիալական մոտիվներ։ Նրա բանաստեղծություններից երկուսը Վ.Բրյուսովը թարգմանել և զետեղել է «Հայ պոեզիան...» անթոլոգիայում։ Գրել է գրաքննադատական հոդվածներ, գրախոսականներ, որոնք տպագրվել են Թիֆլիսի և Երևանի հայ պարբերական մամուլում («Մարտակոչ», «Պրոլետար» և այլն)։ Մահացել է Մոսկվայում: