Ծնվել է Բուլղարիայի Վառնա քաղաքում։ Եղել է երաժշտագետ, մանկավարժ Շահան Պերպերյանի որդին։ Աշակերտել է Օննիկ Ավետիսյանին: 1949թ. տեղափոխվել է Փարիզ, հաճախել Գրան-Շոմիե ակադեմիա և Գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոց։ 1951թ. «Աշնան» սալոնում հանդես է եկել «Ցուցարարները» նկարով։ 1964թ. արժանացել է «Գեղարվեստի եվրոպական ակադեմիայի» մրցանակին։ Եղել է Ֆրանսահայ մշակութային միության (ԺԱՖ) ղեկավարներից։ Փարիզում մասնակցել է «Հայ պոեզիայի անթոլոգիայի» (1973թ.) հրատարակմանը։ Նկարչի գեղանկարչական լեզուն ռեալիստական է, երփնագիրը հյութեղ, մուգ-կապտավուն գունապատկերներով։ Ստեղծել է բանվորական թաղամասեր, աշխատավոր մարդկանց, գյուղական անշուք բակեր, ինչպես նաև միայնությամբ ու թախիծով տոգորված դիմանկարներ, փարիզյան բնանկարներ` «Հանգստացող բանվորը», «Երեխան խրճիթում», «Ածխահատը», «Նավակներ», Մեսրոպ Մաշտոցի, Մխիթար Հերացու, Մխիթար Գոշի դիմանկարները և այլն։ Մահացել է Փարիզում: