Տիգրան Սյուրմեյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում: Սովորել է Կ.Պոլսի Արամյան, ապա՝ Կեդրոնական ու Պերպերյան վարժարաններում։ Եղել է ուսուցիչ, ապա տեսուչ՝ Բիլեջիկի, Էսկիշեհիրի վարժարաններում։ 1918թ. կարգվել է Գոնիայի առաջնորդական փոխանորդ։ Հայ ազգաբնակչությանը օգնելու համար աքսորվել է Կարին (Էրզրում)։ 1923թ. վերադարձել է Կ.Պոլիս, նվիրվել բարեգործական-խնամակալական գործունեության։ 1932թ-ից եղել է արքեպիսկոպոս: 1945թ. այցելել է Հայաստան։ Հրատարակել և խմբագրել է «Հայ քնար» (1906թ.), «Սասուն» (1909թ.), «Հայ խոսնակ» պարբերականները (1924-25թթ), «Տաթև» տարեցույցը (1925-30թթ)։ Հեղինակել է ձեռագրագիտական շատ գործեր՝ «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի» (հ.1, 1948թ.), «Ցուցակ հայերեն ձեռագրաց Հալեպի և Քառասուն Մանկունք եկեղեցվո և մասնավորաց» (1935թ.), «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Հալեպի և Անթիլիասի ու մասնավորաց» (հ.2, 1936թ.), «Նկարագիր Օշին թագավորի ձեռագիր ժամագիրքին...») (1933թ.), «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Եվրոպայի մասնավոր հավաքումներու» (հ.1, 1950թ.)։ Պատմագիտական բնույթի երկերից առավել կարևոր են «Պատմություն Հալեպի Հայոց» (հ.1-3, 1940-50թթ), «Պատմություն Հալեպի ազգային գերեզմանատանց և արձանագիր հայերեն տապանաքարերու» (1935թ.), «Հայկական կյանքն ու մշակույթը Հալեպում 17-րդ դարում» (ֆրանսերեն, 1934թ.) ուսումնասիրությունները։ Տեղագրական բնույթի աշխատանքներից են «Պաղրասի բերդը» (1937թ.), «Դամասկոս»-ը (1938թ.), «Սամարիա»-ն (1941թ.)։ Հրատարակել է նաև նովելների ժողովածու («Էրթողրուլ», 1914թ., «Թշվառի զգայնություններ» (1947թ.), «Դեպի Հայաստան» (1946թ.), «Արամյանի և Կեդրոնականի ուսուցիչներ» (1949թ.) հուշագրական գործերը, «Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի և Բաբգեն աթոռակից Կիլիկեցի» (1938թ.) աշխատությունը։ Պատմաբանասիրական և հուշագրական հոդվածներով աշխատակցել է «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Հայաստանի կոչնակ», «Էջմիածին» և այլ պարբերականների։ Երբեմն ստորագրել է Սոսի։ Մահացել է Փարիզում: