Հարություն Բերոյան
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Մարիա Բերոյանի ամուսինը: Բեմական գործունեությունն սկսել է 1899թ., Թիֆլիսի հայկական թատերախմբում: 1923թ-ից եղել է տեղի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի առաջին դերասաններից, 1944-50թթ` թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1908թ. Աբելյան-Արմենյան խմբի հետ հանդես է եկել Կոստանդնուպոլսում: 1922թ. եղել է Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանիանվան ազգային ակադեմիական թատրոն) հիմնադիր դերասաններից: Հանդես է եկել նաև Երևանի Հեղափոխական թատրոնում: Ելույթներ է ունեցել նաև Իրանում, Եգիպտոսում, Ռումինիայում, Բուլղարիայում: Խաղացել է դրամատիկական և խարակտերային դերեր: Կերտել է մի շարք թատերական դերեր բազմաթիվ ներկայացումներում` Հ.Իբսենի «Դոկտոր Շտոկման» (Ասլաքսե), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Զամբախով), «Պեպո» (Զիմզիմով), «Քանդած օջախ» (Փարսիղ), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Բարխուդար), «Պատվի համար» (Սաղաթել, Բագրատ, Սուրեն), Ա.Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (Բերեստ), Կ.Սիմոնովի «Ռուս մարդիկ» (Վասին), Մ.Գորկու «Թշնամիներ» (Լևշին), «Հատակում» (Սատին), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Ֆերդինանդ), «Վիլհելմ Տելլ» (Տելլ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքապետ) և այլն: Բեմական կերպարի հստակ գծագրությունը, ռեալիստական խաղաոճը հատկանշական են դերասանի արվեստին: 1935թ. նկարահանվել է «Պեպո» ֆիլմում: 1941թ. արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: