Ծնվել է 1944թ. սեպտեմբերի 18-ին, Ստեփանակերտում: Բանաստեղծ Միքայել Հարությունյանի որդին է: 1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա` Մոսկվայի Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արտասահմանյան գրականության ասպիրանտուրայի անգլիական բաժինը: 1972թ-ից դասավանդում է ԵՊՀ հայ բանասիրական ամբիոնում (1991թ-ից՝ պրոֆեսոր): 1973թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն («Գրական ուղղությունների պայքարը անգլիական վեպում»), 1986թ.՝ դոկտորական ատենախոսություն («Պոեզիայի զարգացման հիմնական միտումները հետպատերազմյան ամերիկյան պոեզիայում»): Հեղինակել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ` «Նշանների երկիր», (1977թ. արժանացել է «Տարվա լավագույն գիրք» մրցանակին), «Տեսադաշտ», (1979թ. արժանացել է ԽՍՀՄ գրողների միության Մ.Գորկու անվան մրցանակին և թարգմանվել է ռուսերեն), «Շեմ» և «Ներկայության խոսքեր»: «Հրդեհը հինավուրց հողի» ձեռագրի համար արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակին: Վերջինը 1993թ. հրատարակվել է Նյու Յորքում և արժանացել Հ.Ուզունյանի անվան մրցանակին: 1979թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1997թ. Երևանում լույս է տեսել նրա «Նամակ Նոյին» ժողովածուն: 1994թ. ԱՄՆ-ում անգլերեն թարգմանած «Նամակ Նոյին» ժողովածուն ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի: 2003թ. հրատարակված նրա «Հուդայի արձակուրդը» գիրքը արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: 2010թ. հրատարակվել է նրա «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գիրքը: Նրա թարգմանությամբ անգլերենից լույս են տեսել Ջ.Ջոյսի «Դուբլինցիներ» պատմվածաշարը և «Անգլո-ամերիկյան պոեզիայի էջերից. 20-րդ դար» ժողովածուն, նաև` «Ընտրանի ամերիկյան և անգլիական պոեզիայի» հատորը, իսկ 2002թ.` Փ.Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» վեպը: 2008թ. թարգմանել և հրատարակել է Հայոց Ցեղասպանությունը (1915թ.) պատկերող Փ.Բալաքյանի բանաստեղծական ժողովածուն` «Լույսի տխուր օրերը»: Դասախոսել է Մոսկվայի, Սորբոնի, Մոնպելիեյի, Մարսելի, Դարեմի, Քլիվլենդի, Կոլումբիայի, Հարվարդի, Քոլգեյթի պետական համալսարաններում, նաև` Ստամբուլի ամերիկյան համալսարանում: 1995թ. Ֆուլբրայթի կրթաթոշակով դասախոսել է Համիլթոնի Քոլգեյթի համալսարանում, նաև նույն կրթաթոշակով 2002թ.՝ Լոս Անջելեսի համալսարանում: 1994-95թթ աշխատել է Վաշինգթոնում` որպես Լեռնային Ղարաբաղի դեսպան: Մասնակցել է արտերկրում կազմակերպված պոեզիայի փառատոների` Մոսկվայում (1983թ., Մ.Գորկու անվան մրցանակ), Անգլիայում (1983թ., Լոնդոն-Նյուքասլ, Դիլըն Թոմասի անվան մրցանակ), Ֆրանսիայում (1989թ., Փարիզ-Ռոդեզ, Ռընե Շարի անվան մրցանակ), Շվեդիայում (Ստոկհոլմ, 2008թ., միջազգային փառատոնի մրցանակ), Թուրքիայում (Ստամբուլ, 2010թ., միջազգային փառատոնի մրցանակ): 2011թ. արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: