Zark Foundation

Արտո Չաքմաքչյան

Արտո Չաքմաքչյան

Քանդակագործ

26 հունիս, 1933 - 1 հոկտեմբեր, 2019

Հարություն Չագմագճյան
Ծնվել է Կահիրեում: 1948թ. տեղափոխվել է Հայաստան: 1952թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1959թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1975թ-ից բնակվել է Մոնրեալում: 1978թ-ից դասավանդել Է Քվեբեկի համալսարանում: 1960-ականներին առաջիններից էր, որ դիմել է քանդակաձևերի արդիականացմանը և էքսպրեսիվ կերպավորմանը: Այդ գործերից են` մոր, Կոստան Զարյանի (երկուսն էլ` բրոնզ), Առնո Բաբաջանյանի (Երանգավորված գիպս, երեքն էլ` 1965թ.), Կոմիտասի (1969թ., բրոնզ) դիմաքանդակները, «Ազատություն» (1973թ., հրակավ) հորինվածքը: Դեկորատիվ-կիրառական քանդակներից են` «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» (երկուսն էլ` 1959թ., ջնարակ), որոնք աչքի են ընկնում ագգային քանդակաձևերի յուրօրինակ մեկնաբանմամբ: 1970-ականներից քանդակագործի արվեստում ի հայտ են եկել վերացական ձևերով ընդհանրացված խորհրդանշական գործեր` «Երկու ծավալ», «Նստած մարմին», «Ծավալ № 1» (երեքն էլ` 1975թ., գիպս), «Ուղերձ», «Անառակ որդին» (երկուսն էլ` 1990թ., բրոնզ) և գրաֆիկական շարքեր` «Սևը և ճերմակը» (1976թ.) և այլն: Մեծ համբավի է արժանացել «Կոմիտաս» (1983թ., բրոնզ, Դետրոյտ) և «Ապրիլյան հուշակոթող» (1984թ., բրոնզ, Տորոնտո) մոնումենտալ հուշարձաններով: 1960թ-ից մասնակցել է հանրապետական և միջագգային ցուցահանդեսների: Գործերից պահվում են ՀԱՊ-ում, ԺԱԹ-ում և արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: Ն.Ստեփանյանի հետ կազմել և հրատարակել է «Միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստը» (ռուսերեն, 1971թ.) ալբոմը: 1991թ-ից եղել է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ: 2005թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների, 2015թ.` ՀՀ Պատվո շքանշանի: Մահացել է Մոնրեալում: