Արփենիկ Պետրոսյան
Ծնվել է Շուշիում: 1922-27թթ բնակվել է Բաքվում, որտեղ ստացել է տարրական կրթություն։ 1927թ. մեկնել է Լեռնային Ղարաբաղ, վարել կոմերիտական պաշտոններ, ապա աշխատել է մարզային թերթի խմբագրությունում` որպես պատասխանատու քարտուղար։ Դեռևս Բաքվում ապրելու տարիներին պատմվածք է տպագրել «Վիշկա» հանդեսում։ 1928-31թթ Ստեփանակերտի «Կայծ», «Խորհրդային Ղարարաղ», Թիֆլիսի «Նա լիտերատուրնոմ պոստու», Բաքվի «Կոմունիստ» պարբերականներում տպագրել է գեղարվեստական արձակ երկեր, հոդվածներ։ 1931-36թթ սովորել է Մոսկվայի ժուռնալիստների կոմունիստական ինստիտուտում, ապա` Կարմիր պրոֆեսուրայում: 1938-45թթ աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմի ապարատում։ 1946թ. նշանակվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի պետի տեղակալ։ 1951թ. պաշապանել է ատենախոսություն, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1952թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1951-70թթ աշխատել է Մոսկվայի Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում, որտեղ 1955թ-ից եղել է տնօրենի տեղակալը, գլխավորել ԽՍՀՄ Ժողովուրդների ազգային գրականության մատենաշարի հրատարակությունը, խորհրդային գրականության պատմության վեցհատորյակի հրատարակությունը։ 1970թ-ից եղել է «ԽՍՀՄ ժողովուրդների էպոսները» ակադեմիական մատենաշարի գլխավոր խմբագիրը: Ռուսերեն լույս են տեսել նրա «Գրականության կուսակցականությունը» (1952թ.), «Ժողովրդական պատմությունը և նրա էպոսը» (նվիրված «Սասնա ծռերին», 1982թ.) և այլ գրքեր։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով: Մահացել է Մոսկվայում։