Zark Foundation

Արևիկ Ավդալբեգյան

Արևիկ Ավդալբեգյան

Դաշնակահար

13 դեկտեմբեր, 1922 - 15 մայիս, 2020

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, այնուհետև ուսումը շարունակել Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, ռուսական դաշնամուրային դպրոցի հիմնադիրներ, երաժիշտ և դաշնակահար Կ.Իգումնովի մոտ: Վերադառնալով Երևան՝ զբաղվել է կատարողական և մանկավարժական գործունեությամբ, եղել է իր երկրի երաժշտական բնագավառի նշանակալից իրադարձությունների մասնակիցը: Համերգային շրջագայություններով և մենահամերգներով հանդես է եկել տարբեր երկրներում բազմաթիվ նվագախմբերի և հանրահայտ դիրիժորների հետ, այդ թվում՝ Կոնդրաշին, Գինզբուրգ, Սիմիոնով, Դուրյան, Մալունցյան, Նիյազի և ուրիշներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկու անգամ եղել է ռազմաճակատում, ելույթներ ունեցել ոչ միայն հայկական Թամանյան դիվիզիայի, այլ բազմազգ բանակի մարտիկների համար՝ իր արվեստով ոգեշնչելով նրանց: Համերգային նվագացանկը ընդգրկել է տարբեր ոճերի և ժամանակների կոմպոզիտորների ստեղծագործությունները: Վաղ տարիքից, ծանոթանալով Նիկողայոս Տիգրանյանի հետ, դարձել է նրա ստեղծագործությունների մշտական կատարողը: 1936թ.՝ Նիկողայոս Տիգրանյանի 80-ամյա հոբելյանի ժամանակ, որին մասնակցել են Հայկանուշ Դանիելյանը, Շարա Տալյանը, սիմֆոնիկ նվագախումբը՝ Կոնստանտին Սարաջևի ղեկավարությամբ, Նիկողայոս Տիգրանյանի ցանկությամբ Արևիկ Ավդալբեգյանը, լինելով դեռ մանուկ, կատարել է նրա դաշնամուրային ստեղծագործությունները: Սա դարձել է նրա մկրտությունը իբրև Նիկողայոս Տիգրանյանի ստեղծագործությունների լավագույն կատարող: Տիգրանյանի ցուցմունքներն ու խորհուրդները շատ մեծ դեր են խաղացել ավելի խորն ու ճշմարտացիորեն կատարելու նրա ստեղծագործությունները: 1988թ-ից բնակվել և ստեղծագործել է Իտալիայում: Նրա նշանակալից համերգների թվին է պատկանում Միլանի Վերդիի անվան կոնսերվատորիայի դահլիճում կատարված Բախի երրորդ և չորրորդ կլավեսինի համար գրված կոնցերտները, որը նա իրականացրել է իր երկու դուստրերի և թոռնիկի հետ: Մահացել է Իտալիայի Ալեսանդրիա քաղաքում: