Ծնվել է 1976թ. հունվարի 15-ին, Երևանում: Նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Հարություն Սամուելյանի դուստրն է, ռեժիսոր, երաժշտագետ Մարկ Պետրոսյանի թոռը: 1986-91թթ սովորել է Երևանի Հ.Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1992-98թթ՝ Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում, 1998-2002թթ՝ ԵրՃՇՊՀ ասպիրանտուրայում։ 2000-01թթ մասնակցել է Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի բարձրագույն ճարտարապետության դպրոցի ավարտական դասընթացին։ 2000թ-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 2002թ-ից՝ Ֆրանսիայի Ճարտարապետների Օրդենի անդամ։ 1998թ. աշխատել է «Բիզնես Սթայլ» կազմակերպությունում որպես դիզայներ, 1998-2000թթ՝ «Երևաննախագիծ» ինստիտուտում որպես ճարտարապետ (Ջիմ Թորոսյանի ստեղծագործական արվեստանոց): 2000-01թթ եղել է Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի «Ժան-Ֆրանսուա Պանթեոն», 2001-2002 թթ՝ «Պատրիկ Լեո» ճարտարապետական արվեստանոցների ճարտարապետ: 2002թ. եղել է Երևանի «Րաֆի Արև» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր, 2003-06թթ՝ Կլերմոն-Ֆերանում «Արև Սամուելյան» անհատական ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր։ 2003թ-ից դասախոսում է նաև Կլերմոն-Ֆերանի բարձրագույն ճարտարապետական դպրոցում, 2006թ-ից՝ Վալանսի «2AB» ճարտարապետական արվեստանոցի համատեր։ Հայաստանում և արտերկրում համակարգել է մշակութային մի շարք միջոցառումներ։ Հեղինակել է մասնագիտական 8 հոդված։ Մասնակցել, շահել և իրականացրել է ճարտարապետական բազմաթիվ մրցույթներ։ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ֆրանսիայում հեղինակել է քաղաքաշինական հանգույցներ, բազմաթիվ ցածրահարկ և բարձրահարկ բնակելի տներ, հասարակական նշանակության շինություններ, հուշատեղեր։ 2009-18թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը։ 2012թ-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ 2013թ-ից դասավանդում է Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանում։ 2004թ. արժանացել է «Էկեր դ’արժան» եվրոպական մրցանակի՝ «Երիտասարդ հույս» անվանակարգի 2-րդ մրցանակին։ 2014թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի։