Ծնվել է ՀՀ Գեչրլու (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ) գյուղում: 1936թ. դարձել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) համալսարանի ազատ ունկնդիր։ 1938թ. ավարտել Է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը ու ընդունվել Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում՝ Հովսեփ Օրբելուգիտական ղեկավարությամբ։ 1941թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը։ 1942թ. զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946թ. վերադարձել է Երևան։ 1947թ. եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949թ. վարել է ԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները։ Նրա գրչին են պատկանում մի քանի մենագրություններ և շուրջ 100 գիտական հոդվածներ։ 1949թ-ից ղեկավարել է Գառնիի, 1962թ-ից՝ Արմավիրի, 1970թ-ից՝ Արտաշատի պեղումները։ Միջնադարյան Հայաստանի քաղաքներին է նվիրված նրա «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13դդ» (հատոր 1-2, 1958-64թթ) ուսումնասիրությունը, որտեղ բացահայտել է Հայաստանում զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանի քաղաքների ներքին կյանքը և կառուցվածքը: Մասնակցել է հայ ժողովրդի պատմության դպրոցական ձեռնարկի (1951թ.) և ակադեմիական բազմահատորյակի ստեղծմանը։ 1970թ-ից ղեկավարել է Հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատի պեղումները, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի անցյալի պատմության և նյութական մշակույթի ուսումնասիրության համար: 1954թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան (1957թ-ից՝ պրոֆեսոր)։ 1959-90թթ եղել է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը, 1968թ-ից՝ ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1974թ-ից՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1982-90թթ գլխավորել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները։ Հեղինակել է ավելի քան 120 գիտական մեծ ու փոքր աշխատություններ, «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյա ակադեմիական հրատարակությունը։ Մահացել է Երևանում: