Zark Foundation

Բաբկեն Գաբրիելյան

Բաբկեն Գաբրիելյան

Դերասան

23 նոյեմբեր, 1902 - 23 նոյեմբեր, 1931

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), մեծացել Բաքվում: Թատերական կրթությունն ստացել է 1918-20թթ, Երևանի Վարդան Միրզոյանի հիմնած ստուդիայում, ուր 1918թ. տեղափոխվել էր Գաբրիելյանների ընտանիքը։ Բեմական առաջին քայլերը արել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, այնուհետև, տարբեր թատերախմբերում խաղալուց հետո, 1924թ. ընդունվել Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիա, որը, սակայն, չի ավարտել։ Վերստին հայտնվելով Երևանում՝ վարել է դերասանական անկանոն ու թափառիկ կյանք մինչև որ 1928թ. հաստատվել է Լենինականի թատրոնում (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն), որտեղ աշխատել է մինչև իր վաղաժամ մահը: Եղել է նոր խաղացանկի, նոր հերոսի, դերասանական արվեստի նոր ոճի դերասան։ Վերամարմնավորման բարձր արվեստով է ստեղծել հակադիր բնավորություններ՝ Նեսչաստլիվցև, (Ա.Օստրովկու «Եկամտաբեր պաշտոն», 1929թ.), Կարլ Թոմաս (Է.Տոլլերի «Հոպլյա, մենք ապրում ենք», 1929թ.), Խլեստակով (Ն.Գոգոլի «Ռևիզոր») և այլն։ Աչքի է ընկել նաև հեղափոխական պիեսների բեմադրություններում. Կարավան (Մ.Ֆուրմանովի «Խռովություն», 1928թ.), Գոդուն (Բ.Լավրենյովի «Բեկում», 1929թ.), Բաբա (Ս.Բաղդասարյանի «Մարոկո» , 1929թ.)։ Միաժամանակ ստեղծել է հակադիր բնավորություններ՝ ի հայտ բերելով վերամարմնավորման բարձր արվեստ և կերպարի հոգեբանական ներթափանցում՝ Յուսով (Ա.Օսարովսկու «Անտառ», 1930թ.), Սիմոն (Ե.Յանովսկու «Ցասում», 1930թ.), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր», 1931թ.)։ Մարդու բարոյական բարձր հատկություններով էին օժտված նրա Մարտինովի (Ս.Լևիտինայի «Դատավճիռ»), Վասիլի (Կիրշոնի «Ռելսերը զրնգում են», 1929թ.) և Նիկիտինի (Շչեգլովի «Վերաձուլում», 1930թ.) դերակատարումները։ Մահացել է Լենինականում (այժմ՝ Գյումրի):